Ֆրանսիայի Սենատի կարևոր բանաձևը և Բաքվի հոխորտանքները

Երեկ Ֆրանսիայի խորհրդարանի Սենատը՝ 336 կողմ և ընդամենը՝ 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց շատ կարևոր հայանպաստ մի բանաձև, որն արդեն հասցրել է հիստերիկ արձագանքի արժանանալ Բաքվի կողմից։

Ֆրանսիան, իհարկե, Հայաստանի բարեկամն է և միշտ է աչքի ընկել արևմտյան հարթակներում՝ տարբեր հայանպաստ նախաձեռնություններով և ծրագրերով։ Եվ հետո չմոռանանք, որ Ֆրանսիան, ինչպես ընդունված է ասել հավաքական Արևմուտքի առանցքային երկրներից մեկն է՝ Գերմանիայի հետ միասին հանդիսանալով Եվրամիության շարժիչ ուժը, լոկոմոտիվը, այսպես ասած։
Մյուս կողմից, սակայն, գլոբալ քաղաքականության մեջ չի գործում «սիրուն աչքերի» տրամաբանությունը և որևէ ազդեցիկ երկիր, երբ ինչ որ քայլ է անում, անկասկած առաջնորդվում է նախ և առաջ սեփական շահերով։ Աջակցելով Երևանին, Փարիզը փորձում է տարածել իր ազդեցությունը Հարավկովկասյան տարածաշրջանում, ավելի ակտիվ դիրքերից հանդես գալու միտումով։ Եվ այստեղ է, որ Ֆրանսիայի համար Հայաստանը դառնում է հենարան՝ իր ազգային շահերը առաջ մղելու նպատակով։ Ֆրանսիա ասելով, պետք հասկանալ, որ տվյալ պարագայում խոսքը ընդհանրապես Եվրամիության մասին է, որի ներսում թեև կան որոշակի տարաձայնություններ, բայց այնուամենայնիվ, ևրոպական արտաքին քաղաքական օրակարգն ունի հստակ նախապատվություններ և դրանցից մեկը, անկասկած, միտված է Ռուսաստանի դերի և ազդեցության նվազեցմանը մեր տարածաշրջանում։ Սա այս մասով։
Հիմա անդրադառնանք բուն բանաձևի բովանդակությանը և հասկանանք, թե ինչ առանցքային կետեր են ներառված այնտեղ և ինչ մեսիջներ են դրանք պարունակում։ Եվ այսպես, Ֆրանսիայի օրենսդիրները իրենց վճռական աջակցությունն են հայտնել Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Սա շատ կարևոր արձանագրում է, հատկապես ալիևյան վերջին սպառնալիքների ֆոնին, երբ Բաքվի բռնապետը, չթաքցնելով իր երկրի ծավալապաշտական նկրտումները, ըստ էության, տարածքային պահանջներ էր ներկայացրել Հայաստանին։
Ֆրանսիացի սենատորները դատապարտելով 2023 թ-ի սեպտեմբերի 19-20-ը ադրբեջանական ագրեսիան՝ Արցախի ժողովրդի դեմ, կոչ են արել այնպիսի պայմաններ ստեղծել, որոնք կերաշխավորեն արցախցիների անվտանգ վերադարձը հայրենի օջախներ, որը հնարավորություն կտա նրանց մնալ այնտեղ և ապրել իրենց պատմական հողում։
Այսպիսով, Ֆրանսիայի Սենատը փաստում է, որ Արցախը լուծարված չէ, որ ղարաբաղյան խնդիրը դեռ վերջնականապես կարգավորված չէ և ուրեմն պետք չէ Արցախի էջը փակված համարել։
Ֆրանսիացիները կարևորում են նաև Լեռնային Ղարաբաղի մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանությունը և ողջունում են՝ այդ նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ում փորձագետների միջազգային խմբի ստեղծումը, որը պետք է գործուղվի Արցախ և տեղում ծանոթանա առկա խնդիրներին։
Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձևի, թերևս առանցքային կետերից մեկն էլ այն է, որ Փարիզը վճռականորեն դատապարտելով Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան, կոչ է անում անհապաղ դուրս բերել այդ երկրի օկուպացիոն զորքերը Հայաստանի տարածքից։
Ֆրանսիացի օրենսդիրները նաև կոչ են արել պատժամիջոցներ կիրառել ադրբեջանական ղեկավարության դեմ, մասնավորապես առգրավել վերջիններիս պատկանող ակտիվները, ինչպես նաև Ադրբեջանից գազի և նավթի ներմուծման էմբարգո սահմանել։
Ինչպես արդեն նշեցինք սկզբում, Ֆրանսիայի Սենատի այս հայանպաստ բանաձևը, ինչպես և կարելի էր սպասել, ծայրահեղ բացասական գնահատականի է արժանացել Ադրբեջանում։ Թշնամական երկրի Միլլի Մեջլիսը հայտարարություն է ընդունել, որում կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ֆրանսիայի դեմ։ Ադրբեջանցի պատգամավորները նաև կոչ են արել դադարեցնել բոլոր տնտեսական հարաբերությունները Ֆրանսիայի հետ, արգելել ֆրանսիական ընկերությունների մասնակցությունը պետպատվերների ծրագրերին և Ադրբեջանից դուրս հրավիրել բոլոր ֆրանսիական կազմակերպություններին, այդ թվում նաև աշխարհահռչակ հսկա Total-ին։
Այս ամենի հետ միասին, հայտարարության մեջ տեղ է գտել, թերևս ամենաախմախ առաջարկությունը, որով կոչ է արվում արտգործնախարարությանը քայլեր ձեռնարկել՝ Կորսիկայի անկախության ճանաչման համար։ Սա ոչ այլ ինչ է, քան հիստերիկ և հուսահատ ճիչ։
Ֆրանսիան և Ադրբեջանը գտնվում են բացարձակապես տարբեր քաշային կատեգորիաներում և Բաքվի կողմից Ֆրանսիայի հասցեին հնչող անվերջ հոխորտանքներն ու սպառնալիքները՝ Փարիզում կարող են միայն հեգնական ժպիտներ առաջացնել։

Արթուր Օգանեզով (Ambion.News-ի քաղաքական մեկնաբան)

Share This