Ֆինանսների նախարարությունն ուզում է լուծարել գնումների բողոքարկման խորհուրդը

Ֆինանսների նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենքի նախագիծ, որով առաջարկում է փոփոխություններ կատարել ՀՀ քաղաքացիական դատավարության, Գնումների մասին եւ այլ օրենքներում։ Նախագիծն արդեն տեղադրված է «e-draft.am» կայքում, սակայն դժգոհությունների մեծ ալիք է բարձրացրել դատական համակարգում։ Բանն այն է, որ նախագծի հեղինակ Կարեն Բրուտյանը՝ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի տեղակալը, առաջարկում է լուծարել գնումների բողոքարկման խորհուրդը եւ գնումների հետ կապված բողոքները քննելու լիազորությունը տալ ընդհանուր իրավասության դատարանին։ Առաջարկում են ֆիքսել, որ դատարանները պետք է բողոքները քննեն 30-օրյա ժամկետում։
Ֆիննախի լրատվականից մեզ ասացին, որ նպատակը արտադատական բողոքարկման համակարգ չունենալն է։ «Նախատեսվում է նախագծով գնման բողոքների շրջանակում չունենալ արտադատական բողոքարկման համակարգ՝ բողոքների քննության լիազորությունը վերապահելով բացառապես դատարաններին, նաեւ քննության համար սահմանելով հատուկ վարույթով որոշումների կայացման ընթացակարգ, այսինքն՝ արագացված ընթացակարգ։ Փոփոխության հիմնավորումները բերված են հանրային քննարկման դրված օրենքի նախագծի տեղեկանքում»,- պատասխանեցին ֆիննախից։
Որպես հիմնավորում բերվում է այն, որ արտադատական բողոքարկման համակարգն արդյունավետ չէ, կայացվող որոշումներն էլ խնդրահարույց են․
«Կայացվում են միմյանց հակասող որոշումներ, որոնց հետեւանքով կա՛մ այդ որոշումները բողոքարկվում են դատարաններում, կա՛մ գնման ընթացակարգերը հայտարարվում են չկայացած, ինչը դրանք կազմակերպելու եւ անցկացնելու տեսակետից հանգեցնում են ծրագրերի ձախողման, դժգոհությունների եւ ֆինանսական կորուստների: Ըստ վիճակագրության՝ տարեցտարի մեծանում են արտադատական կարգով քննված բողոքների վերաբերյալ կայացված որոշումները մասնակիցների կողմից դատական կարգով բողոքարկման դեպքերը, եւ դա այն պարագայում, երբ գործող կարգավորումները չեն նախատեսում դատարանների կողմից դրանց հատուկ վարույթով քննելու ընթացակարգեր: Միաժամանակ խնդրահարույց է նաեւ բողոք ներկայացնելու հնարավորություն ունեցող անձանց լայն շրջանակը: Ցանկացած անձ, որը բովանդակային առումով չունի տվյալ գնման ընթացակարգի շրջանակում շահագրգռվածություն, ունի գնման ընթացակարգը բողոքարկելու եւ դրանով պայմանավորված գործընթացները ձգձգելու հնարավորություն, այդ թվում՝ նաեւ դիտավորյալ»։
Իսկ հաշվի առե՞լ են դատարանների ծանրաբեռնվածության հարցը։ «Այսօր բողոք կարող է ներկայացնել յուրաքանչյուր անձ, եւ շատ բողոքներ կան, որոնց դեպքում, շահագրգիռ անձ չհանդիսանալով, բողոքարկում են։ Այսինքն՝ բողոքները կարող են ձեւական լինել։ Այս նոր համակարգը ներդնելու արդյունքում գալիս ենք նրան, որ բողոք ներկայացնելու հնարավորություն ունենալու է շահագրգիռ անձը։ Շահագրգիռ անձ է մասնակիցը, որն այդ պրոցեսում կոնկրետ շահ է հետապնդում, եւ կարող են լինել հասարակական միավորները, որոնց գործողություններն ուղղված են մասնակիցների որոշակի շրջանակի իրավունքների պաշտպանությանը՝ իրենց կանոնադրական խնդիրներն իրացնելով»։
Հարցրինք, թե որքան բողոք է ստացել գնումների բողոքարկման հանձնաժողովը 2017, 18 եւ 19 թվականներին։ «Հիմնականում տարվա առաջին եռամսյակում են մրցույթներն արվում, դա պիկ ժամանակն է, եւ ամենաշատ բողոքներն այդ ժամանակ են լինում։ 2017 թվականին եղել է 117 բողոք, 2018-ին՝ 241, 2019-ին՝ 259։ 2017-ին բավարարվել է 66 բողոք, 2018-ին՝ 113, 2019-ին՝ 146»։
Նշենք, որ օրենքի նախագծի վերաբերյալ «e-draft.am»-ում ներկայացված են բացառապես բացասական կարծիքներ։ Մասնավորապես, Գուրգեն Հարությունյանը գրել է․ «Ըստ իս՝ նման անհեռանկարային նախագծերը կյանք չունեցող են, տպավորություն է, որ նախագիծ մշակողները կիլոմետրով հեռու են դատական համակարգի ներկա իրավիճակից, արդյոք տիրապետո՞ւմ են Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների գործերի ծանրաբեռնվածությանը եւ նման պայմաններում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու միջոցով գործերն ավելացնելով եւ 30-օրյա ժամկետ սահմանելով՝ ի սկզբանե ստեղծվում է գնումների վերաբերյալ բողոքները մանրամասն ուսումնասիրելու անհնարինություն։ ․․․խիստ կասկածելի է, որ նման պայմաններում դատարաններն իրենց չունեցած թերեւս մեկ ազատ րոպեն կարող են նվիրել գնումների բողոքների քննությանը՝ մի կողմ դնելով մնացած բոլոր «ոչ կարեւոր» քաղաքացիական գործերը»։
Մեզ փոխանցեցին նաեւ, որ նման նախագիծ ներկայացնելու պատճառներից մեկն էլ այն է, որ ժամանակին Բրուտյանի համար ցանկալի անձինք չեն նշանակվել խորհրդի կազմում, ուստի որոշել է լուծարել այն։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )