Օպտիկամանրաթելային համակարգը կանխատեսել էր հրաբխի ժայթքումը 26 րոպե առաջ
Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի ամերիկացի գիտնականները օպտիկամանրաթելային մալուխներ կիրառմամբ հրաբխային ժայթքումների վաղ նախազգուշացման առաջադեմ համակարգ են մշակել: Օպտիկամանրաթելային մալուխների վրա հիմնված նրանց մշակած համակարգը հաջողությամբ կանխատեսեց Իսլանդիայում ժայթքումը իրադարձությունից կես ժամ առաջ, ինչը տեղի բնակիչներին հնարավորություն տվեց ժամանակին տարհանվել։ Հետազոտությունը հրապարակվել է Science գիտական հանդեսում։
Գիտնականների թիմն օգտագործել է բաշխված ակուստիկ սենսորների՝ սովորական ստորգետնյա ինտերնետային մալուխները բարձր զգայուն սեյսմիկ սենսորների վերածող (DAS) տեխնոլոգիան։ Օպտիկական մանրաթելով անցնող լազերային իմպուլսները միլիմետրային ճշգրտությամբ գրանցում են մագմայի շարժման հետևանքով առաջացած գետնի աննշան ձևախախտումները։
Ռեյկյանես թերակղզում, որտեղ 2023 թվականի նոյեմբերից ի վեր տեղի է ունեցել ութ ժայթքում, համակարգը ապացուցել է իր արդյունավետությունը։ Տեղադրված լինելով մալուխի 100 կիլոմետրանոց հատվածի երկայնքով՝ այն անընդհատ վերահսկում էր ստորգետնյա գործընթացները, ինչը վաղ նախազգուշացման ալգորիթմ մշակելու հնարավորություն ընձեռեց։
Համակարգի հաջող փորձարկումը տեղի է ունեցել 2024 թվականի օգոստոսին, երբ գիտնականները նախազգուշացում են ստացել Գրինդավիկ քաղաքի մոտակայքում ժայթքումից 26 րոպե առաջ։ Դա տեղական իշխանություններին տարհանումը ժամանակին կազմակերպելու հնարավորություն ընձեռեց։
Հետազոտողները նշել են, որ տեխնոլոգիան տարբեր տեսակի հրաբուխների համար ադապտացիա է պահանջում, բայց արդեն իսկ նոր հնարավորություններ է բացում ոչ միայն հրաբխային ակտիվության, այլև երկրաշարժերի մոնիթորինգի համար։
