Օնիկ Գասպարյանը պահանջում է փակ քննարկում՝ 2020-ի պատերազմի մասին․ պատրաստ է ներկայացնել ամբողջ ճշմարտությունը
Վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ անձը։
Իրականությանը չհամապատասխանող լուրեր տարածող անձինք օգտագործում են այն հանգամանքը, որ ես, գերադասելով ազգային եւ պետական շահը, զերծ եմ մնում պատերազմին վերաբերող հարցերին հրապարակային պարզաբանումներ տալուց։
Առաջարկում եմ ԱԺ-ում կազմակերպել փակ ձևաչափով քննարկում 2020 թ. պատերազմի և հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ քննարկմանը ներգրավելով այդ ժամանակ պաշտոնավարած քաղաքական և ռազմական առանցքային պաշտոններ զբաղեցրած անձանց, ինչպես նաև պետական և ծառայողական գաղտնիք պարունակող տվյալներին առնչվելու համապատասխան թույլտվություն ունեցող քաղաքական և հասարակական գործիչներին եւ զոհված ու անհետ կորած զինծառայողների հարազատներին։
Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները։
Պատրաստ եմ զինված ուժերին վերաբերելի մասով ներկայացնել մանրամասն եւ բազմակողմանի փաստարկված վերլուծություն։
Օնիկ Գասպարյան
