Քնի մեջ շուռումուռ գալը կապված է կոգնիտիվ ունակությունների վատթարացման հետ. Neurology

Մարդիկ, ովքեր քնի մեջ շուռումուռ են գալիս, ավելի վատ են հաղթահարում կոգնիտիվ ունակություններն ստուգող թեստերը։ Այսպիսի եզրակացության են եկել ԱՄՆ Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները։ Արդյունքները հրապարակվել են Neurology ամսագրում։

Հետազոտությանը մասնակցել է 30-40 տարեկան 526 մարդ։ Հատուկ ապարանջան-թրեքերների օգնությամբ գիտական թիմը տեղեկություն է հավաքել կամավորականների գիշերային քնի քանակի եւ որակի, ինչպես նաեւ այն մասին, թե արդյոք նրանք պտտվում են քնի մեջ։ Այնուհետեւ մասնակիցներին խնդրել են կոգնիտիվ ունակությունների թեստեր հանձնել։

Կամավորները պետք է անվանեին որոշակի խմբի որքան հնարավոր է շատ բառեր, որոնք սկսվում են նույն տառով։ Նման բառերի օրինակներ էին կենդանիների անվանումները։ Մարդիկ, ովքեր անհանգիստ էին քնել, թեստավորման ընթացքում ավելի քիչ միավորներ էին հավաքել հանգիստ քնածների համեմատ։

Դոկտոր Յուե Լենգը Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիայի համալսարանից, որն ուսումնասիրել է քնի եւ ուղեղի առողջության փոխկապվածությունը, բացատրել է, որ գիշերվա հանգստի որակն ավելի կարեւոր է, քան դրա քանակը։ Ամենայն հավանականությամբ, անհանգիստ քունը հանգեցնում է թունավոր սպիտակուցներից ուղեղի ինքնամաքրվելու ունակության վատթարացման, այդ սպիտակուցների կուտակումները կարող են Ալցհեյմերի հիվանդություն առաջացնել։

Share This