ՔԿՀ-ներում արգելված իրերի շրջանառությունը կանխելու համար պատասխանատվությունը խստացվում է. օրենսդրական նոր նախագիծ

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն Ազգային ժողովում ներկայացրել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Նախագծի ընդունումը պայմանավորված է քրեակատարողական հիմնարկներում, կալանավորվածներին և ձերբակալված անձանց պահման վայրերում արգելված առարկաների ներթափանցման դեպքերի կանխարգելման և գործող վարչական պատասխանատվության միջոցների արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ։

Գործող կարգավորումների կիրառման փորձը ցույց է տալիս, որ ներկայում նախատեսված վարչական տույժերն ու դրանց չափերը բավարար չափով չեն ապահովում իրավախախտումների կանխարգելումը։

Նախագծով առաջարկվում է՝

✅նախատեսել վարչական պատասխանատվություն քրեակատարողական հիմնարկի ներքին և արտաքին օբյեկտներում նշանակված մշտական պահակետով անցած և օրենքով սահմանված կարգով խուզարկություն կամ զննում անցած անձի կողմից իր մոտ արգելված առարկա պահելու համար,

✅վերանայել քրեակատարողական հիմնարկներում, կալանավորվածներին եւ ձերբակալվածներին պահելու վայրերում պահվող անձանց արգելված առարկաներ հանձնելու կամ հանձնելու փորձի համար նախատեսված վարչական տույժի՝ տուգանքի չափը,

✅Տուգանքի չափը նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափի փոխարեն սահմանել նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով,

✅Նույն արարքը վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու համար տուգանքի չափը նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափի փոխարեն սահմանել նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով,

✅քննարկվող իրավախախտումների համար որպես վարչական տույժ նախատեսել նաև վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի բռնագրավումը՝ ՔԿՀ-ներում արգելված առարկաների շրջապտույտը կանխելու նպատակով,

✅ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ մասը (արարքը պետական ծառայողի կողմից կատարելը):

✅հստակեցնել նշված դեպքերում բռնագրավման մասին որոշման կատարումն իրականացնող իրավասու մարմիններին:

Share This