<<Մենք ենք տերը մեր երկրի>>. Փաշինյանների ընտանիքի աքսիոման

 

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստր Մարիամ Փաշինյանը երկրում կին ղեկավար ունենալու թեզ է բարձրացրել: Ավելին` նա իր հարցազրույցում հայտարարեց` դեմ չէ, որ հենց ինքը լինի առաջին կին վարչապետը: Եվ ընդհանրապես, նրա կարծիքով Հայաստանին պակասում է կին ղեկավարը` նախագահ, վարչապետ, ԱԺ նախագահ:

Մարիամ Փաշինյանին ուղղված այս հարցադրումը թերևս  պատահական չէր: Վերջին շրջանում կին ղեկավար ունենալու թեզը շատ հաճախ է առաջ քաշվում: Հնարավոր է հենց Փաշինյանը Մարիամը վարչապետ չդառնա, բայց փոխվարչապետ, ինչպես ինքն է ասում, «ինչո՞ւ չէ»…

Մոտ մեկ շաբաթ առաջ էլ մի առիթով այս հարցը բարձրացրեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը։ Նա հայտարարեց, որ Հայաստանը պետք է կին փոխվարչապետ ունենա:

Դեռ այն ժամանակ NEWSPRESS.am-ը նկատեց, որ հնարավոր է պատգամավորը կոնկրետ մարդու թեկնածություն է առաջարկում, և չբացառեց, որ այդ մարդը կարող է լինել հենց Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը: Այս դիտարկումն արվել է զուտ այն պարզ տրամաբանությամբ, որ շրջանառվող լուրերի համաձայն՝ ԼՀԿ-ն որոշ հարցերում Փաշինյանի համար ճանապարհ հարթող գործիքակազմ է դարձել: Այս ենթատեքստում, կին վարչապետ-փոխվարչապետ ունենալու հայտարարությունն էլ բացառություն չէր, և հնարավոր է պատգամավորը հող էր նախապատրաստում:

Համենայնդեպս, պտուղներն իրենց երկար սպասել չտվեցին:

Այսօր արդեն պարզվում է՝ վարչապետ-փոխվարչապետի պոտենցյալ կին թեկնածուն ո’չ միայն Աննա Հակոբյանն է, այլև Փաշինյանի դուստը, ով ցանկություն ունի մտնել մեծ քաղաքականություն, քանի որ «դա հետաքրքրել է միշտ իրեն»:

Այս անգամ էլ չենք փորձի ժամանակից առաջ ընկնել ու կանխատեսումներ անել, սակայն իրար հաջորդող փաստերն ու Փաշինյանի ընտանիքի կանանց ակտիվությունը չի կարող հենց այնպես լինել:

Կունենա՞նք արդյոք կին ղեկավարներ, թե՞ ոչ, դեռ կերևա…

Ամեն դեպքում, ՀՀ ղեկավարի ընտանիքին չհամեմատելով որևէ մի երկրի ղեկավարի ընտանիքի հետ՝ նկատենք, որ եթե անգամ վերոհիշյալ կանայք ի պաշտոնե վարչապետ-փոխվարչապետ չստանան, ապա դա չի խանգարում արձանագրել, որ Փաշինյանների ընտանիքը բաց չի թողնում ոչ մի ընձեռված հնարավորություն` ամբողջությամբ իր ձեռքը վերցնելու երկրի կառավարումը. տարբեր ոլորտներում ու ամենուր նրանց ակտիվ ներգրավվածությունը խոսում է հենց դրա մասին:

Ստացվում է` այսօր Փաշինյանների ընտանիքը առաջնորդվում է մեկ աքսիոմայով` սեփական շերեփը երկարել բոլոր կաթսաների մեջ ու համեղ պատառներ վերցնել` քանի դեռ կարող է…

Այնպես որ, ժողովրդի ընտրությամբ ու ժողովրդի վրայով երկրի ղեկն իր ձեռքն առած Փաշինյանը աստիճանաբար ի չիք է դարձնում «ժողովրդի վարչապետ» եզրույթը. այն այլևս անցյալում է: Կառավարության դռներն արդեն վաղուց փակվել են ժողովրդի առաջ ու Փաշինյանն էլ վաղուց անհասանելի է… կառավարության մոտ հաճախակի կազմակերպվող բողոքի ակցիաների կազմակերպիչներին էլ արդեն չի թույլատրվում անգամ շենքին մոտենալ, նրանք պետք է որոշակի հեռավորություն պահեն կառավարության շենքից…. ասում են` վերևից հրահանգ կա… ու այստեղ հարց է առաջանում` ո՞վ է տերը մեր երկրի…

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )