Վարդան Ղուկասյանի ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ․ «Արդարությունը կարող է ուշանալ, բայց այն մի օր կգա»
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ուղերձը ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, հարազա՛տ գյումրեցիներ,
Այսօր մենք նշում ենք մեր պետության հիմնասյուներից մեկի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը։ Սա այն օրն է, որը վերստին հիշեցնում է, որ հզոր պետականությունը սկսվում և ամրանում է բացառապես օրենքի գերակայությամբ, մարդու իրավունքների անխոցելի պաշտպանությամբ և արդարության անխախտ սկզբունքով։
Մայր օրենքը միայն իրավական փաստաթուղթ չէ։ Այն մեր հասարակական դաշինքն է՝ ապրելու ազատության, հավասարության և արժանապատվության հիման վրա։ Սակայն այդ արժեքները կենսունակ են միայն այն դեպքում, երբ գործում են իրական կյանքում՝ առանց բացառությունների, առանց երկակի ստանդարտների և առանց ընտրովի արդարադատության։
Այս կարևոր օրը չեմ կարող չանդրադառնալ նաև իմ ներկա իրավիճակին։ Թեև այսօր գտնվում եմ անազատության մեջ և ֆիզիկապես հեռու եմ իմ սիրելի Գյումրիից, ուզում եմ ամենայն պատասխանատվությամբ ընդգծել՝ ոչ մի հանգամանք, ոչ մի պատնեշ չի կարող կոտրել իմ հավատը արդարության, ճշմարտության և օրենքի ուժի նկատմամբ։
Ես հաստատապես հավատում եմ, որ յուրաքանչյուր արհեստածին իրավիճակ, որքան էլ բարդ ու անհաղթահարելի թվա, ունի իր հանգուցալուծումը, և վերջում միշտ հաղթում է ճշմարտությունը։ Արդարությունը կարող է ուշանալ, բայց այն մի օր կգա։
Շնորհավորելով բոլորիս Սահմանադրության օրվա առթիվ՝ մաղթում եմ, որ մեր երկրում օրենքի գերակայությունը դառնա ոչ թե լոկ հռչակագիր, այլ ամենօրյա իրականություն, և որ յուրաքանչյուր քաղաքացի իր թիկունքին հավասարապես զգա պետության հզոր պաշտպանությունը։ Միայն այդժամ կարող ենք վստահորեն արձանագրել, որ Սահմանադրությունն իսկապես կենսագործվում է։
Մեր ժողովրդին մաղթում եմ
խաղաղություն կայունություն, միասնականություն, ոգու արիություն։
Մնացե՛ք ամուր, միասնական և հավատով լի։
Աստված պահապան մեր հայրենիքին, հարազատ Գյումրիիս և հայ ժողովրդին։
Հարգանքով՝
Վարդան Ղուկասյան
Գյումրու քաղաքապետ
