Վաճառական, թե՞ վաշխառու. Արփինե Հովհաննիսյան
ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
«ՎԱՃԱՌԱԿԱՆ, ԹԵ՞ ՎԱՇԽԱՌՈՒ
«Լիդերը հույսի վաճառական է» – Նապոլեոն Բոնապարտի այս միտքը թերեւս շատերին է հայտնի, քանի որ այն Բոնապարտի ամենամեջբերվող մտքերից է։
Ըստ որոշ աղբյուրների՝ այն գրի է առնվել քարտեզագետ Էմանուել Լաս Կազի կողմից, ում բախտ էր վիճակվել հանդիպել Նապոլեոնին՝ վերջինիս՝ Սուրբ Հեղինե աքսորված լինելու ժամանակահատվածում եւ գրի առնել նրա մտքերը՝ «Սուրբ Հեղինե կղզու բանտարկյալի մտքերը եւ մաքսիմները» հայտնի գրքում։ Հատկանշական է, որ Լաս Կազը հանդիպել էր Նապոլեոնին ոչ թե նրա փառքի գագաթնակետին, այլ այն ժամանակ, երբ երբեմնի ամենահայտնի լիդերը կորցրել էր իր իշխանությունը եւ որպես աքսորյալ վերագնահատում էր իր հաղթանակները ու պարտությունները Սուրբ Հեղինե կղզում։ Ասել է թե՝ այս միտքը հաղթանակների գագաթնակետում գտնվող մարդու միտք չէ, այլ ամեն ինչ կորցրած լիդերի հետհայացք իշխանության նկատմամբ։
Անկասկած հույսը մարդու համար ունի մի քանի դերակատարում։ Այն կարող է ապրեցնել ամենածանր իրավիճակներում, թույլ տալ հաղթահարել ամենաբարդ փորձությունները։
