Վահագ Դարբինյանը նշանակվել է Նինոծմինդայի փոխքաղաքապետ

Նինոծմինդայի մունիցիպալիտետում նոր նշանակում է տեղի ունեցել. քաղաքապետի տեղակալի պաշտոնը ստանձնել է Վահագ Արամայիսի Դարբինյանը:

​Վահագ Դարբինյանը ծնվել է 1991 թվականի ապրիլի 25-ին Նինոծմինդա քաղաքում։ 2010 թվականին ավարտել է տեղի թիվ 3 միջնակարգ դպրոցը, այնուհետև բարձրագույն կրթություն ստացել Թբիլիսիի տեխնիկական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։

​Նորանշանակ փոխքաղաքապետն ունի տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատանքի զգալի փորձ։ Նա իր գործունեությունը Նինոծմինդայի քաղաքապետարանում սկսել է 2020 թվականին՝ որպես վերահսկողության ծառայության ավագ մասնագետ: 2026 թվականի փետրվարին նա նշանակվել է նույն ծառայության պետի պաշտոնում, իսկ այժմ ստանձնել է փոխքաղաքապետի պարտականությունները։

​Ինչպես նշում է Վահագ Դարբինյանը, իր առաջնային նպատակն է նպաստել հարազատ քաղաքի զարգացմանն ու բնակիչների բարեկեցության բարձրացմանը:

​Նինոծմինդայի նոր փոխքաղաքապետն ամուսնացած է, ունի երկու զավակ:

 

 

Share This