Սպիտակում լրագրողի աշխատանքի խոչընդոտման դեպքով «Ականատես»-ը հաղորդում է ներկայացրել իրավապահներին
Այսօր Սպիտակում «Ազատության» լրագրողի օրինական մասնագիտական գործունեության խոչընդոտման դեպքով «Ականատես» դիտորդական առաքելությունը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին․ գրում է «Ազատություն» ռադիոկայանը։
«Լոռու մարզում նախընտրական քարոզարշավի ընթացքում արձանագրվել է լրագրողի աշխատանքի կոպիտ խոչընդոտման և վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահման միջադեպ», – ասված է առաքելության հաղորդագրությունում:
«Ականատես»-ը նշում է, որ երբ «Ազատության» լրագրողը փորձել է պարզաբանում ստանալ Սպիտակի համայնքապետի տեղակալ Արտակ Մաթոսյանից, թե ինչու է աշխատանքային ժամին ներկա գտնվում իշխող ուժի քարոզարշավին, համայնքապետի տեղակալը հունից դուրս է եկել, հարվածել է տեսախցիկին և հայտարարել․ «Աշխատանքի եմ, բա Հանրապետության վարչապետն է եկել»։ Միջադեպին մասնակցություն է ունեցել նաև Սպիտակի համայնքապետը։
«Ականատես» դիտորդական առաքելությունը խստորեն դատապարտում է լրագրողների նկատմամբ բռնության կամ նրանց աշխատանքի խոչընդոտման ցանկացած դրսևորում, ինչպես նաև հիշեցնում, որ ծառայողական պարտականությունները կատարող պաշտոնատար անձանց կողմից աշխատանքային ժամերին նախընտրական քարոզչությանը մասնակցելն օրենքի խախտում է։
