Սննդամթերքի տեսակներ, որոնք խորհուրդ չի տրվում ուտել նախաճաշին

Առավոտյան դատարկ ստամոքսին ցիտրուսային մրգերի հյութեր ու սուրճ խմելու սովորությունից հարկավոր է հրաժարվել, քանի որ այն կարող է հանգեցնել ստամոքսի խնդիրների զարգացման։ Այս մասին «Прайм» գործակալության հետ զրույցում ասել է սննդաբան Նատալյա Կրուգլովան։

Նրա խոսքով՝ եթե մարդն ունի աղեստամոքսային տրակտի քրոնիկ հիվանդություններ, ապա սխալ նախաճաշը կարող է գաստրիտի, այրոցի կամ փորափքանքի պատճառ դառնալ: Նման խնդիրներից խուսափելու համար ցանկալի է հրաժարվել դատարկ ստամոքսին առանց կաթի սուրճ կամ ցիտրուսային մրգերի հյութեր խմելու սովորությունից։

«Չի կարելի քաղցրավենիք ու քաղցր գազավորված ըմպելիքներ օգտագործել, քանի որ դրանցում շաքարի պարունակությունը շատ բարձր է։ Թարմ թխվածքն ու հացը ևս կարող է վտանգավոր լինել։ Ոմանց մոտ այն կարող է այրոց, ծանրության զգացում ու փորափքանք առաջացնել»,- նախազգուշացրել է բժիշկը։

Բացի այդ, հարկավոր է ուշադրություն դարձնել նաև նախաճաշի մեջ պարունակվող շաքարի քանակությանը։ Բանն այն է, որ չափազանց քաղցր մթերքը շատ արագ բարձրացնում է արյան մեջ շաքարի մակարդակը, սակայն հագեցածության զգացումը կարճատև է լինում։
Share This