«Գորիսի փոփոխությունները տեսանելի են․ ինչո՞ւ ենք գնահատելու փոխարեն քննադատում»

Երբ Առուշ Առուշանյանի ղեկավարությամբ տասնյակ ընտանիքներ բնակարաններով ապահովվեցին, լրատվամիջոցներից քչերն անդրադարձան այդ իրադարձությանը։ Երբ Գորիսի մեծ մասը ասֆալտապատվեց, կրկին քիչ խոսվեց կատարված ծավալուն աշխատանքի մասին։ Սակայն երբ խոսքը նրա քաղաքական դիրքորոշման մասին է, քննարկումներն ու քննադատությունները չեն դադարում։

 

Ինչո՞ւ ենք այդքան կենտրոնանում քաղաքական հայացքների վրա, բայց երբեմն լռում այն իրական փոփոխությունների մասին, որոնք փոխում են մարդկանց կյանքն ու մեր քաղաքի դեմքը։

 

Ինը տարվա ընթացքում մենք՝ գորիսեցիներս, սեփական աչքերով տեսել ենք մեր քաղաքի փոփոխությունները։ Մենք հիշում ենք՝ ինչպիսին էր Գորիսը տարիներ առաջ, և տեսնում ենք, թե ինչպիսին է այն այսօր։ Հենց այս տեսանելի արդյունքներն են մեր կարծիքի ու վստահության հիմքը։ Գորիսի բարեկարգ փողոցները, քաղաքի նոր տեսքն ու մարդկանց կյանքում տեղի ունեցած դրական փոփոխությունները տարիների հետևողական աշխատանքի արդյունք են։

 

Գորիսն այսօր այն քաղաքներից է, ուր ցանկանում ես գալ, հիանալ նրա գեղեցկությամբ ու կրկին վերադառնալ։ Սակայն քաղաքի գրավչությունը միայն բնությամբ ու պատմական ժառանգությամբ չէ պայմանավորված։ Այն նաև քաղաքի հանդեպ հոգատարության, հետևողական աշխատանքի և հայրենի բնակավայրն ավելի լավը դարձնելու ձգտման արդյունք է։ Երբ ընտանիքները բնակարաններ են ստանում, փողոցները բարեկարգվում են, իսկ քաղաքը նոր շունչ է առնում, այդ ամենի արժեքը նախևառաջ մարդկանց կյանքում կատարված դրական փոփոխություններն են։

 

Բայց երբեմն ակամա հարց ես տալիս՝ ինչո՞ւ ենք այսքան չարացել։ Ինչո՞ւ ենք ավելի պատրաստակամ քննադատելու, քան նկատելու ու գնահատելու լավը։ Գուցե պատերազմը մեզնից խլեց շատ թանկ մարդկանց, և նրանց հետ կորցրինք նաև բարությունը գնահատելու, միմյանց ձեռք մեկնելու ու մարդկային արժեքները պահպանելու մեր կարողության մի մասը։

 

Քաղաքական հայացքները կարող են տարբեր լինել, և յուրաքանչյուր ոք ունի սեփական կարծիքն ու ընտրության իրավունքը։ Սակայն քաղաքական տարաձայնությունները չպետք է խանգարեն տեսնելու իրականությունը, գնահատելու կատարված աշխատանքն ու արժևորելու այն, ինչ արվել է մեր քաղաքի և նրա բնակիչների համար։ Կարելի է ունենալ տարբեր քաղաքական հայացքներ, բայց միևնույն ժամանակ լինել արդար ու անկողմնակալ՝ գնահատելով այն, ինչն իսկապես արվել է։

 

Գորիսը մեզ համար պարզապես բնակավայր չէ։ Այն մեր հայրենիքն է, մեր արմատներն ու մեր ապագան։ Նրա առաջընթացը յուրաքանչյուրիս ուրախությունն ու հպարտությունն է։ Եվ երբ խոսում ենք մեր քաղաքի մասին, արժե հիշել, որ քաղաքական հայացքներից անկախ՝ Գորիսի բարօրությունն ու զարգացումը բոլորիս ընդհանուր նպատակն են։

 

 

Share This