Սաուդյան Արաբիան ժամանակից շուտ է սկսել նավթի արդյունահանման ծավալների կրճատումը. նավթի գինը նորից ընկել է
ՕՊԵԿ+ կազմակերպության անդամ պետությունների՝ նավթի արդյունահանման ծավալների կրճատման վերաբերյալ համաձայնագիրն ուժի մեջ է մտնելու մայիսի 1-ից, սակայն Սաուդյան Արաբիան կրճատումը սկսել է նախատեսված ժամկետից շուտ, հայտնում է Bloomberg-ը:
Սաուդյան Արաբիայի Saudi Aramco ընկերությունն անցած շաբաթվանից սկսած նավթի օրական արդյունահանման ծավալը կրճատել է 12 մլն բարելից և նպատակային 8,5 մլն բարել ցուցանիշին կարող է հասնել մայիսի մեկից էլ շուտ:
ՕՊԵԿ+-ի համաձայնագրի իրագործումը ժամանակից շուտ սկսելու մտադրության մասին հայտնել են նաև Քուվեյթը, Ալժիրն ու Նիգերիան: Դա կնպաստի ներկայում նավթի շուկայում պահանջարկի և առաջարկի միջև առկա անհավասարակշիռ իրավիճակի կարգավորմանը: Հայտնի է, որ նավթի գերարդյունահանման հետևանքով ամեն շաբաթ պահեստներ է մտնում 50 մլն բարել նավթ, ինչը նշանակում է, որ հունիսի դրությամբ պահեստներում այլևս ազատ տեղ չի լինի:
Այս ամենի ֆոնին նավթի գները մի քանի օր աճ արձանագրելուց հետո կրկին սկսել են ընկնել: Brent տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների գինն ընկել է 6,8%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 19,99 դոլար ցուցանիշի: Մինչդեռ WTI տեսակի նավթի գինը նվազել է 15,5%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 14,31 դոլար ցուցանիշի:
