Չարենցավանի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ վարձով տանը բնակվում էին մեկ կին և 5 անչափահաս երեխաներ, որոնցից մեկը գտնվում է Այրվածքաբանական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում
Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի թիվ 17 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել: Բնակարանում վարձով էին բնակվում մեկ կին՝ 5 անչափահաս երեխաների հետ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Չարենցավանի համայնքապետարանի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սաթենիկ Բալաբեկյանը։
«Սկզբից ծուխ է եղել, հետո նոր կրակ է բռնկվել, արդեն հարևանները զանգահարել են ԱԻՆ։ Միայն այդ 7-րդ հարկի բնակարանն է վնասվել։ Այդտեղ վարձով էին բնակվում մեկ կին՝ 5 անչափահաս երեխաների հետ։ Նա հասցրել է բոլորին դուրս հանել, բայց երեխաներից մեկը այրվածքներ է ստացել և կարծես, Այրվածքաբանական ազգային կենտրոնում է։ Կինը հիմա այնտեղ է, չգիտի՝ որտեղ է այս գիշեր մնալու, բնակարան չունի»,- նշեց Սաթենիկ Բալաբեկյանը։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հրդեհի մասին ահազանգը ստացվել է 09:52-ին։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, այնուհետև օգնության է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:25-ին:
«Թե կոնկրետ ինչից է հրդեհը առաջացել, ԱԻՆ-ը դեռ չի կարող ասել, պետք է հետաքննություն ընթանա։ Ուղղակի ինչ-որ պայթյուն է եղել, բայց թե ինչից է, այս պահին չենք կարող ասել»,- հայտնեց Սաթենիկ Բալաբեկյանը։
Առողջապահություն նախարարությունից Tert.am-ին տեղեկացրեցին, որ երեխան գտնվում է Այրվածքաբանության ազգային կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, նրա վիճակը կայուն ծանր է։
