Ռուսաստանն ակտիվ ջանքեր է գործադրում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում. Զախարովա

Ռուսաստանն ակտիվ մասնակցություն է ցուցաբերում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում:

«Ռուսաստանը ծրագրում է ակտիվ մասնակցել ոչ թե հակամարտությանը, այլ դրա կարգավորմանը: Եվ ներկա պահին Ռուսաստանը շատ ակտիվ մասնակցում է այդ գործընթացին: Դիվանագիտական շփումներ են տեղի ունենում և ջանքեր են գործադրվում հակամարտության այս թեժ պահի ողջ ընթացքում, մենք օգտագործում ենք առկա բոլոր հնարավորությունները, որպեսզի իրավիճակը կարգավորվի, և կողմերը նստեն բանակցությունների սեղանի շուրջ հետագա առաջխաղացման համար»,- ասել է Զախարովան։

Զախարովայի խոսքով՝ հակամարտության կարգավորման միայն մեկ եղանակ կա՝ «քաղաքական-դիվանագիտական գործիքների կիրառումը»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում զոհվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում զոհվել է 49 քաղաքացիական անձ, վիրավորվել է 144 քաղաքացիական անձ։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Արդեն երեք անգամ հայտարարվել է մարդասիրական հրադադարի մասին, սակայն ադրբեջանական զինուժը խախտել է այն։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )