Ուրալ գետի մակարդակը էլ չի բարձրանում. նահանգապետը իրավիճակի կայունացում է ակնկալում
Ապրիլի 13-ի վաղ առավոտյան Օրենբուրգում Ուրալ գետի մակարդակը հասել է 11 մետր 71 սանտիմետրի։ Վերջին 4 ժամում ջրի մակարդակը էլ չի բարձրանում, տեղեկացրել է Օրենբուրգի նահանգապետ Դենիս Պասլերը։
«Ակնկալում ենք, որ ջրի բարձրացում այլեւս չի լինի, իրավիճակը կայունանում է, իսկ հետո կսկսվի նվազումը»,- նշել է նա։
Նահանգապետի խոսքով՝ Օրսկում Ուրալի մակարդակն իջել է եւս 23 սանտիմետրով։ Քաղաքը շարունակում է ազատվել ջրից եւ վերադառնալ նորմալ կյանքի։
«Իրադրությունը մնում է բարդ։ Մի շարք տարածքներում վարարման բարձրակետը դեռ առջեւում է։ Մոբիլիզացնում ենք ուժերը եւ միջոցները իլեկյան ուղղությամբ»,- ավելացրել է նա։
Օրսկում անցած ուրբաթ քանդվել էր ամբարտակը, որը քաղաքը պաշտպանում էր Ուրալ գետից։ Քաղաքապետ Վասիլի Կոզուպիցայի խոսքով՝ ամբարտակը վնասվել է երկու տեղում։ Այդ իրավիճակը անդրադարձել է նաեւ Օրենբուրգի վրա։
Դատախազության կարծիքով՝ պատճառը հիդրոտեխնիկայի պահպանման ժամանակին չձեռնարկված միջոցներն են։ Հարուցվել է քրեական գործ «Շինարարական աշխատանքների ժամանակ անվտանգության կանոնների խախտում» եւ «Անփութություն» հոդվածներով։
