Որտեղ խնդիրներ տեսել եմ, առաջարկել եմ, հիմա փոփոխություն կատարվում է

Մենք վերջերս մի քանի անգամ գրեցինք այն մասին, որ տենդերների հարցում խնդիրներ են առաջացել՝ ընկերությունները հաճախ խուսափում են մասնակցել պետական գնումների գործընթացին։ Պատճառներից մեկը կառավարության ընդունած որոշումն է, որով պարտադրվում է մասնակիցներին պայմանագրի արժեքի 110 տոկոսի չափով բանկային երաշխիք ներկայացնել, ինչը դժվարություններ է առաջացնում շատ ընկերությունների համար, ու հիմա նրանք պարզապես հրաժարվում են մասնակցել գնումների գործընթացին, մրցութային առաջարկներ ներկայացնել։ Միեւնույն ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե պետք է ավելի խթանել կապիտալ ծախսերի իրականացման գործընթացը։


Երեկ, երբ այս մասին հետաքրքրվեցինք տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանից, վերջինս փորձեց այլ տեսանկյունից մեկնաբանել։ «Ինչ վերաբերում է իմ ոլորտին, մասնավորապես՝ ճանապարհաշինությանը, նման խնդիր այս պահին չունենք։ Միակ խնդիրը, որ առաջացել է, առաջացել է տեխհսկողության մասով, այսինքն՝ երկու մրցույթի արդյունքում միայն 21 օբյեկտի մասով հաղթող ունենք, բայց նաեւ հիմա փոփոխություն է կատարվում որոշակի, որը Քաղաքաշինության պետական կոմիտեի տիրույթում է գտնվում։ Այն է՝ նախագծանախահաշվային արժեքի 2 տոկոսը, որը մաքսիմալ շեմ է սահմանված, պետք է ուղղակի փոփոխության ենթարկվի, որը նախագծի տեսքով կներկայացվի կառավարությանը։ Հիմա մինչեւ 2 տոկոս է, կդառնա մինչեւ 5 տոկոս»,- ասաց Պապիկյանը։
Ինչ վերաբերում է մեր մատնանշած որոշմանը, որը խնդիրներ է առաջացնում մասնակից ընկերությունների համար, Պապիկյանն ասաց․ «Դուք հիմա ինձ հարցնում եք մի որոշման մասին, որի իրավական պատասխանատուն իմ նախարարությունը չէ։ Ինձ հարցրեք պրոցեսի մասին՝ պատասխանեմ»։ Իսկ այդ պրոցեսի ընթացքում ինքը չի՞ տեսնում, որ խնդիրներ են առաջանում։
«Որտեղ խնդիրներ տեսել եմ, առաջարկել եմ, հիմա փոփոխություն կատարվում է։ Իսկ շինարարության մասով բոլոր կապալառուները մասնակցում են մրցույթներին»,- ասաց նախարարը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (1 )