Ով հայրենիքը դավաճան՞ի, ո՞ւմ տուգանեն

Հայաստանը  վերածվում է  ֆանտաստիկ անարդար,   ունիվերսալ բռնապետությամբ երկրի:

Բռնապետական «դուբինկան» դարձել է  Նիկոլ Փաշինյանի  հարազատ գործիքը, այլամիտներին սպառնալը՝ «ժողովրդավարության  բաստիոնի»  մեծագույն ձեռքբերումը:

ՀՀ-ում ԱՄՆ-ը դեսպանը  15.07.2021 թվականին  Civilnet-ին տված հարցազրույցում, թեև, պնդել էր, որ «Հայաստանում արմատավորվում է ժողովրդավարությունը», սակայն, պատկերն իրականում, ինչպես ասվում է, «գետնի վրա» տրամագծորեն հակառակն է: Իսկ դեսպանի  տեսած ժողովրդավարության արմատները փտում են հողի մեջ:

Նիկոլ Փաշինյանի պաթոլոգիկ վախը այլախոհներից, իրականությունը մատնանշող,   այն չպարտակող անձանցից, բերան փակելու նպատակային    քաղաքականության է վերածվել :

 

Դրսում՝պարտվող, ներսում՝  խայտառակվող

 

2020  թվականի  սեպտեմբերի  27-ին, Փաշինյանի ընկեր՝ «կոնստրուկտիվ» Ալիևը, պատերազմով եկավ հայկական հողերը նվաճելու: Պետք է փաստել, որ, 44-օրյա պատերազմի ընթացքում, Փաշինյանի ստի   տրեստը   ցույց տվեց   վարպետության անմրցելի դաս՝ հանրությանը կեղծիքներով գդալից կերակրելու հարցում: Ու, որպեսզի իր  հայակործան, հող հանձնելու  և  հայ  զինվորների կյանքերը տապալելու  փաստերը քողարկվեն   հայ ժողովրդից,   ՀՀ վարչապետի  աթոռում հայտնվածի՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի  N 1586-Ն  որոշմամբ,  ռազմական դրության  պայմաններում, արգելվեց իշխանական  կարծիքին  հակասող  որևէ գրառում սոցցանցերում: Որոշման 9.1. կետն ասում է. « Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի ապահովմանը և պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում`ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումն արգելվում է»:

 

Այսինքն, ինքը՝ պատերազմի  հրաձիգը, կարող էր իր բացակայող հրամանատարական  հատկանիշներով,  խլել  հայ  տղերքի կյանքերը, «խմել» նրանց արյունը, իսկ դրա, ինչպես  նաև, տարածքային կորուստների մասին սոցցանցերում կարծիք  հայտնող մտահոգ մարդիկ    պետք է դառնային  նրա կենդանի թիրախը: Արդյուքնում՝ ոստիկանությունը «նստեց»  ֆեյսբուք սոցիալական ցանցի վրա՝ մանանեխից մազ հանելով  այն գրառումներից, որոնք որևէ կերպ կարող էին բացահայտել հայոց նոր  ցեղասպանության իրական ծավալները: Ընդ որում, առաջին  մեծաթիվ զոհերի  մասին գրեց  ֆեյսբուքյան օգտատեր,   անորսալի ոմն Գագիկ Սողոմոնյանը: Այդ  նրանից հանրությունն առաջին անգամ իմացավ  շուրջ 1500 զոհերի և SPAYKA-ի  ֆուռերում դիակները պարտակելու մասին:

 

Փաստորեն, կարելի է, հարբածի տգիտությամբ, պատերազմ հրահրել, ազգի սերուցքն, որպես     ուտեստային  սերուցք, մատուցել թշնամուն, հազարավոր քառակուսի կիլոմետրերով   նահանջել սեփական հողերից, առանց կրակոցի  հայկական տարածքները  տալ թշնամուն ու մնալ վարչապետի աթոռում: Իսկ  այդ պետական  դավաճանության  մասին  բարձրաձայնողներին  դարձնել   տուգանքի  «մատերիալ»:

 

Կապիտուլյացիան ստորագրած Նիկոլ Փաշինյանը  հետևողականորեն պարտվում էր դրսում՝ ինտենսիվորեն խայտառակվելով  ներսում:

 

  Վանոյական «ըտենց կուզեմը» ապրո՞ւմ և հաղթո՞ւմ է

2020 թվականի հոկտեմբերի 20-ին, երեկոյան ժամը 19:30-ից  20:00-ը ընկած ժամանակահատվածում, մեր բնակարան  այցելեցին երկու  ոստիկան՝ տեղեկացնելով, որ խախտել եմ ռազմական դրության պայմաններում հաստատված կարգը. ֆեյսբուքյան էջում կատարած իմ  երկու գրառումները   պետք է հեռացնեմ: Անսալով ոստիկանների հորդորներին, իրենց ներկայությամբ, գրառումներն հեռացվեցին ՝ նախապես տեղեկացնելով, որ դրանով չի փոխվում  իմ սկզբունքային կարծիքը պատերազմական զարգացումների վերաբերյալ:

Քանի որ  այս նյութը գրելու պահին, ոստիկանոսւթյունից դեռևս չեն  ստացվել    կարծիքն արտահայտող  գրառումների պատճենները, չեմ  կարող   հանրությանը ներկայացնել  դրանց բովանդակությունը: Պարզվեց՝ գրառումներն հեռացնելը բավարար չեղավ    Նիկոլ Փաշինյանի  ոստիկանության  համար: Հաջորդ օրն հրավիրեցին Շիրակի մարզի ոստիկանության «Կումայրի»  բաժին: Չափազանց  ուշագրավ   զրույցից հետո, այնուամենայնիվ, որոշեցին ինձ տուգանել 300.000  դրամով:

 

Սերիական կապիտուլյանտի  բանավոր պատվանդան հանդիսացող   ոստիկանության կողմից     հալածանքի   երկրորդ սերիան սկսվեց, զարմանալիորեն, մեկ տարի անց. 2021 թվականի նոյեմբերի 12-ին: Արդեն  ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժնի    որոշմամբ՝   պետության օգտին բռնագանձվելու է 300.000 +5%  դրամ: Հարկ է հիշեցնել՝  ՀՀ կառավարության նշյալ որոշումը  վիճարկելու միջնորդությամբ,    ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը  դիմել էր  ՀՀ   Սահմանադրական դատարան: Արդյունքում՝  ՀՀ կառավարության   այդ որոշման  9.1  և  9.2  կետերը  համարվել էին հակասահմանադրական: Սակայն, ոստիկանությունը կամայականորեն, ակնհայտ   բացասական սելեկցիայի արդյունքում,  «գտել էր», որ  պատերազմի օրերին արված   գրառումները դուրս են  ՀՀ ՍԴ  որոշման մեկդրվագային անվավերությունից:  Համաձայն   ՀՀ ՍԴ թիվ   1592 որոշման 9.1 կետի՝ «դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող  կամ որևէ կերպ արժեզրկող  բառակապակցությունը Սահմանադրական դատարանի 04.05.2021 թվականի որոշմամբ ճանաչվել է  ՀՀ Սահմանադրության  42 –րդ և  79-րդ հոդվածներին  հակասող և անվավեր, իսկ քննադատող, հերքող» հաղորդումների   հրապարակման մասով, Որոշման 9.1 կետով անվավեր չի  ճանաչվել»:

Սակայն  ցայսօր  այդ նույն ոստիկանությունը չի պատասխանել, թե   ո՞վ  և  ինչպե՞ս է որոշում    ֆեյսբուքյան  որևէ  գրառման  « արդյունավետությունը  կասկածի դնող կամ որևէ այլ կերպ արժեզրկող», կամ՝ քննադատական ստուգաբանությունը: Ըստ  այդմ՝    իրավաբանական կամ  լեզվաբանական պաշտոնական ո՞ր  ատյանն է  սահմանում     հեղինակի մտքերի «հանցավորության» չափը: Իր պատասխանում  ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետը օգտագործել էր «գտնում ենք» արտահայտությունը:  Ո՞վ է ասել , որ  ոստիկանության Շիրակի մարզային  վարչությունը  կարող է  «գտնելով»  վարչական վարույթ հարուցել՝ իր իսկ բերանով խոստովանելով անձի դեմ գաղափարական-քաղաքական      արշավի  սանձազերծումը:

Վանոյական «ըտենց  ուզելը» ոստիկանության գործելաոճում, փաստորեն, չի թաղվել այդ   մտքի հեղիկանի  հետ:

Այլախոհությունը հանցագործությո՞ւն է    

 

Նիկոլ Փաշինյանի   վարած քաղաքականության դեմ արտահայտվելը  հավասարվել է երկրի դեմ  գործած հանցագործության:   Իսկ  հետապնվող  անձանց ցանկը  նմանվել է  սև  ցուցակի: Դատելով փաստերից  պարզ է դառնում, որ Հայաստանում կա նաև  «գորշ ցուցակ», որում  ընդգրկված  մարդկանց մտքերը ՝ ելնելով անձի հանրային  կարգավիճակից, ընկալվում են ընդամենը որպես  «սպամ» (spam):  Մտքի հեղինակը   տարածում է  իր  կարծիքը, բայց , եթե ոստիկանությունը  չունի հեղինակին հետապնդելու հրահանգ, ապա  իրավապահների  «բացասական սիրահարվածությունը»  կոնկրետ «սպամերի» (spamer) նկատմամբ որևէ կերպ չի արտահայտվում:   Օրինակ, 10.11. 2020 թվականին, ռազմական դրության պայմաններում,  ՀՀ  նախագահ Արմեն Սարգսյանը «մամուլից  է  տեղեկացել նաև պատերազմի դադարեցման պայմանների մասին։ Նախագահի մամուլի ծառայությունը հրապարակել է Սարգսյանի հայտարարությունը, որում  Հայաստանի  առաջին դեմքը  շեշտում էր, որ «այդ փաստաթղթի վերաբերյալ իր  հետ  որևէ խորհրդակցություն  կամ քննարկում  չի  եղել, ինքն էլ որևէ  բանակցության չի մասնակցել։» https://armeniasputnik.am/politics/20201110/25257413/armen-sargsyany-mamulic-e-imacel-arcakhi-veraberyal-haytararutyan-masin.html:    ՀՀ նախագահի հնչեցրած հայտարարությունը ոչ թե սուր քննադատություն է, այլ  միջազգային  մասշտաբի խայտառակության   վկայություն:  Սակայն ՀՀ ոստիկանությունը    չի տուգանել ՀՀ  նախագահ Արմեն Սարգսյանին:

 

Պետական դավաճանության մեջ մեղադրանք և մորթող քննադատություն էր  նաև ՀՀ  ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի՝ 17.11.2020 թվականին, ռազմական դրության պայմաններում, արված հայտարարությունը: Մեջբերում. «Պատերազմի չորրորդ օրը` անվտանգության խորհրդի նիստի ժամանակ, ես ներկայացրեցի մեր կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը` նշելով, որ երկու–երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ  վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ:Նմանատիպ գնահատականներ ես բազմաթիվ անգամ ներկայացրել եմ նաև վարչապետի հետ շուրջօրյա աշխատանքի ընթացքում, ինչպես նաև անվտանգության խորհրդի նիստերում»: Սակայն, Օնիկ Գասպարյանը ևս, հրապարակային  այս քննադատության համար չի  տուգանվել:

 

Ուշագրավ մի փաստ.կոնկրետ ինձ տուգանելու վերաբերյալ որոշումը  կայացնելուց   4  օր անց՝  24.10.2020   թվականին, ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն  հանրապետական հեռուստաեթերում ներկայացրեց հայկական կողմի տարածքային կորուստների քարտեզը: Իմ գրառումն էլ վերաբերում էր   մեր տարածքային կորուստների մասին դեռևս չհրապարակած փաստերին:

Բայց , այսպես կոչված, պատժելի տեղեկատվության տարածման համար Ա. Հովհաննիսյանն   Աժ-ում աշխատանքի  է անցել՝ տուգանվելու փոխարեն:

 

16.11. 2020 թվականին Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն  իր հարցազրույցում ասել էր «Հայաստանի վարչապետի և ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարի աթոռը զբաղեցնող անձը հոգեկան հիվանդ է։ Ազգային անվտանգության մարմինները, ոստիկանությունը, առողջապահության նախարարությունը և  բանակի առողջ զանգվածը պետք է միջոցներ ձեռնարկեն իշխանությունից նրան խաղաղ հեռացնելու, երկիրն ու ազգը այս հիվանդությունից փրկելու համար։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Շիրակի թեմի առաջնորդ, Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա գրառմանը, որով նա կոչ էր անում առաջնագծի տղաներին գալ Երեւանում և «վերջնականորեն լուծել պատերի տակ վնգստացողների հարցերը»: https://news.am/arm/news/613667.html: Սա քննադատություն չ՞է: Ոստիկանությունում կարդալո՞ւ, թ՞ե կարդացածը ընկալելու խնդիր ունեն: Ընդ որում, ակնհայտ է, որ  վերևում  հիշատակված և ներքևում հիշատակվող  բոլորի կարծիքները արդարամիտ են:

 

Ավելին, հենց ինքը՝ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը, 16.11. 2020 թվականին, հայտարարեց. «Ինձ համար որեւէ կասկած եւ տարընթերցում չկա, որ ես եմ այն թիվ 1 պաշտոնյան, որ պատասխանատու է տեղի ունեցածի համար: Տեղի ունեցածի համատեքստում կրում եմ պատասխանատվությունը: Ես հասկանում եմ նաեւ, ես ինձ հաշիվ եմ տալիս, որ այս փաստի բերումով պետք է կանգնեմ, եթե շատ պայմանական ասենք կամ մի քիչ սուր ձեւակերպենք, պետք է կանգնեմ ժողովրդի դատի առաջ». այսօր հրավիրված առցանց ասուլիսի ընթացքում պատասխանելով լրատվամիջոցներից մեկի հարցին՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:» https://armtimes.com/hy/article/200969

Փաստացի,Ն.Փաշինյանը  ինքնախոստովանական ցուցմունք տվեց՝ սեփական   ապիկարության և կառավարման անպիտանելիության  վերաբերյալ: Մինչդեռ  դրա մասին կարծիք հայտնող անձինք դառնում են նրա  տուգանքի «մատերիալը»:

 

12.11.2020 թվականին ՀՀ ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար, գնդապետ Միքայել Համբարձումյանը, վերստին ռազմական դրության պայմաններում, հանդես եկավ  հետևյալ բովանդակությամբ հայտարարությամբ. «Այո՛, նա որպես երկրի ղեկավար գուցե վատ կառավարիչ է, դյուրագրգիռ է, առանձին դեպքերում որոշումներ է կայացնում անարդար` պահի ազդեցության տակ, որպես գերագույն գլխավոր հրամանատար` չունի բավարար ռազմական փորձ ու գիտելիքներ, դիվանագիտության մեջ` անհրաժեշտ ճկունություն և հեռատեսություն, անարդարացիորեն անտեսում կամ ներում է իր հետ իշխանության եկած յուրայինների բոլոր` նույնիսկ երկրի համար հետևանքներ առաջացնող սխալները, և հակառակը` չխորանալով իրական պատճառների, հանգամանքների մեջ, կարող է խիստ միջոցներ ձեռնարկել իրեն տարակարծություն հայտնած կամ չնչին սխալներ թույլ տված,   կառավարման համակարգում երկարամյա փորձ ունեցող, սակայն քաղաքական թիմի անդամ չհանդիսացող մարդկանց նկատմամբ:»  https://www.lragir.am/2020/11/12/598767/

Ուշադրություն դարձրեք՝ այս  բացահայտ,   սուր  քննադատության հեղինակին  ևս ոստիկանությունը   չի  տուգանել:   Երևի, բարձրաստիճան   զինվորականի ճշմարիտ հնչեցրած  քննադատական գնահատականը ոստիկանության սրտին էլ  մեղր ու  յուղ է քսել: Այստեղ է ասված՝ շիտակ խոսքը շրթունք կհամբուրե:

 

Միանշանակ է՝  մեկն, ով   իր բերանով խոստովանում է՝ հրամայել է հայոց զորքին նահանջել Սյունիքի   մի քանի դիրքերից,  փորձում է  ինքնահաստատվել  իր գաղափարական  այլախոհներին, արդարությունը հանրությանը հասցնող  շիտակախոսներին տուգանելով կամ զնդանները լցնելով:

 

Ոստիկանության   հո՞ւյսը

 

Ոստիկանության հույսը, թերևս,  անիրազեկ և չկարդացող մարդիկ են:   Մինչդեռ  կարդալով      ՀՀ Սահմանադրական  դատարանի խնդրո առարկա որոշման՝ «Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները» 4 գլուխը, պարզ է դառնում. «Որոշման հավելվածով սահմանված վիճարկվող կարգավորումների մի շարք ձևակերպումների սահմանումները սպառիչ և ամբողջական տեսքով ներկայացնելն օբյեկտիվորեն հնարավոր չէ, քանի որ դրանք գնահատողական բնույթ ունեն, և դրանց բովանդակությունը պետք է բացահայտվի նաև իրավակիրառ պրակտիկայի շրջանակներում: Այդ նորմերի առավելագույն հստակությունը պետք է երաշխավորվի նաև դրանց կիրառման արդյունքում կայացվող ակտերի շրջանակներում, որպեսզի հասցեատիրոջ համար պարզ և հստակ լինի, թե, օրինակ, իր կատարած ո՞ր արարքն է քննադատող, հերքող, արդյունավետությունը/պաշտպանունակությունը կասկածի տակ դնող կամ այլ կերպ արժեզրկող: Ընդ որում՝ եթե «քննադատող» ձևակերպումը բավականաչափ հստակ է, ապա նույնը չի կարելի ասել «արդյունավետությունը կասկածի տակ դնող», «որևէ այլ կերպ արժեզրկող» ձևակերպումների մասին, որոնք ունեն վերացականության բարձր աստիճան: Հետևաբար՝ դրանց հղումներ կատարող/դրանք կիրառող մարմնի հայեցողության սահմանները, ըստ էության, անսահմանափակ են: Բացի դրանից, «արդյունավետությունը կասկածի տակ դնելը», «որևէ այլ կերպ արժեզրկելը»՝ միասին կամ առանձին վերցված, կարող են դրսևորվել ինչպես քննադատության լույսի ներքո (այդ համատեքստում), այնպես էլ ունենալ ինքնավար բովանդակություն»:

Այսպիսով, ՀՀ Սահմանադրական  դատարանը    հավասարության նշան է դնում  քննադատության և «արդյունավետությունը կասկածի տակ դնող», «որևէ այլ կերպ արժեզրկող»«  արտահայտությանների միջև:

 

Ակնհայտ է՝  ոստիկանությանՇիրակիմարզայինվարչությունը՝անթաքույց, բացահայտ  կողմնակալ, սուբյեկտիվ  մոտեցմանարդյունքում ,փորձում քերթել  300.000  դրամգումար:

 

Ժողովրդավարության բաստիոնը  երերո՞ւմ է

 

Հայաստանում   ԱՄՆ-ի, Եվրամիության դեսպաններն ու  ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակում   աշխատող մարդու իրավունքների  խնամատարները  չե՞ն  տեսնում , չե՞ն լսում, չե՞ն կարդում Հայաստանում մարդու իրավունքների  կոխոտման, ցեխոտման, արժեզրկման փաստերը: Եթե ոստիկանությունը շարունակի իր   հետապնդումը, հարկադրված եմ լինելու  անվանական դիմել  եվրոպական երկրների ղեկավարներին՝ ի ցույց դնելով նիկոլփաշինյանական մարդակեր մամլիչի աշխատանքը՝ փաթեթավորված  «ժողովրդավարության» արժեքներով: Առաջարկելու եմ՝ Հայաստանում   ներկայացված բոլոր  դեսպաններին՝ մուծել կարծիք արտահայտելու     նիկոլփաշինյանական պատժի     300.000 դրամ «տաքսան»:

Ով հայրենիքը դավաճան՞ի, ո՞վ  տուգանվի դրա մասին  բարձրաձայնելու համար:   Փաստորեն, ժողովրդավարության  խորհրդանիշ  համարող   երկրները մեզ արտահանել են  խոտանված   ժողովրդավորություն,   մարդու սրի քաշված   իրավունքներ:

 

Հ.Գ. Նյութն արդեն պատրաստ էր տպագրության, երբ հայնի դարձավ, որ ՀՀ  նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական է ներկայացրել Լոնդոնից ՝2022 թվականի հունվարի 23-ի ուշ  երեկոյան: Փաստորեն,նա գնաց առանց ՀՀ ոստիկանության կողմից տուգանվելու:

Արդա՞ր է:

Լիլիթ Աղեկյան

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )