Նոր «Ցանկապատ» Վանաձորի Բոհեմի կողմից

Թատրոնի նվիրյալներ, դերասաններ, վաստակավոր արտիստներ Արամայիս Սարգսյանի, Վրույր Հարությունյանի, Գրետա Մեջլումյանի կողմից դեռևս 1993 թվականին հիմնադրված Վանաձորի Բոհեմ կամերային թատրոնը նոր թափով է շարունակում իր գործունեությունը։

Կամերային թատրոնն ի սկզբանե մասնկացել է տարբեր միջազգային փառատոների, վերադարձել փայլուն հաղթանակներով։ Տարիների ընթացքում թատրոնը սկսել է բեմադրել մանկական, երաժշտական ներկայացումներ, եղել են տարիներ՝ շեշտը դրվել է միայն մանկական ներկայացումների վրա։

«Հիմա ուզում ենք փոփոխություններ մտցնել մեր գործունեության մեջ,  ներկայացումներ բեմադրենք ոչ միայն երեխաների համար, նաև մեծահասակների։ Փորձում ենք ստեղծել խաղացանկային թատրոն»,- Ambion.news-ի հետ զրույցում ասաց Վանաձորի Բոհեմ կամերային թատրոնի տնօրենի պաշտոնակատար Հերիքնազ Բաղդասարյանը։

Թատրոնը նախորդ տարի թանգարանային գիշեր միջոցառման շրջանակում հրավեր էր ստացել Ստեփան Զորյանի տուն-թանգարանից՝ բեմադրել գրողի որևէ գործ։

«Կանգնեցինք «Ցանկապատ» պատմվածքի վրա, քանի որ 2024-ին լրանում էր նաև  ժողովածուի տպագրման 100-ամյակը։

Ես մտավախություն ունեի, դժվարությամբ եմ համաձայնվել, քանի որ գիտեի՝ այդ պատմվածքի հիման վրա արդեն ներկայացում կա, բավականին հնչեղ ներկայացում է ճանաչված դերասանների մասնակցությամբ։

Ես ինքս եմ վերածել պիեսի, ինչքան նման են, այնքան էլ տարբեր են։ Շեշտը դրել եմ մեր ազգայինի, մեր խնդիրների վրա, թե ինչու է այս կամ այն խնդիրը 100 տարին մեկ, պարբերաբար կրկնվում մեր ազգի հետ, ոչ թե թշնամիներ փնտրենք մեր մեջ, այլ  հասկանանք՝ ով է մեր թշնամին, ինչպես կարող ենք խուսափել, պայքարել, միահամուռ լինել ու նորից չանցնել այդ ճանապարհները»,- ասաց Հ. Բաղդասարյանը, ով նաև ներկայացման բեմադրիչն է։

Նա տեղեկացրեց, որ այս տարի մայիսի 18-ին կրկին Ստեփան Զորյանի թանգարանի բակում կխաղան «Ցանկապատ» ներկայացումը։ Ամռան ամիսներին «Ցանկապատ»-ը պարբերաբար կլինի թանգարանի բակում։

«Թվում է՝ պարզ ու պարզունակ ներկայացում է, բայց իրականում այդ պարզության մեջ ինչքան խորություն, լրջություն կա,  ինչքան հարցերի պատասխաններ կարող ենք գտնել»,- ասաց ներկայացման բեմադրիչը։

Հերիքնազ Բաղդասարյանը նաև տեղեացրեց, որ թատրոնը մայիսի 22-25-ը «Ցանկապատ» ներկայացմամբ հյուրախաղերով հանդես կգա Ռուսաստանի Անապա քաղաքում։ Հրավեր ստացել են հենց Անապայի հայ համայնքից։

Իսկ առաջիկայում թատրոնը կունենա պրեմիերա՝ կոմեդիա,  ռեժիսորն է Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնից հրավիրված Ժիրայր Գաբրիելյանը, այնուետև կրկին կունենան մանկական ներկայացում։

Share This