Նոր լուսանկարներ՝ Քարդաշյան-Ջեններ ընտանիքի Սուրբծննդյան միջոցառումից
Քարդաշյան-Ջեններ ընտանիքի անդամները սոցիալական ցանցերի իրենց էջերում Սուրբծննդյան օրվա իրենց միջոցառումից նոր լուսանկարներով են կիսվել։
Տոնակատարությունն ընտանիքում բավական մեծամասշտաբ է նշվել։ Միջոցառումը տեղի է ունեցել Կալիֆոռնիայի Կալաբասաս քաղաքում՝ Քիմ Քարդաշյանի տանը։ Ռեալիթի աստղն իր առանձնատունը զարդարել էր ամանորյա խորհրդանիշներով եւ, նույնիսկ, արհեստական ձյունով էր պատել ամբողջ տարածքը։
Ընտանիքի անդամները տոնին ներկայացել են փայլուն ու շքեղ հանդերձանքներով։ Քիմ Քարդաշյանն Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում երջանիկ կեցվածք է ընդունել իր 4 երեխաների կողքին։ Աշխարհահռչակ հայուհին օրվա համար ընտրել էր մինչեւ հատակը հասնող սպիտակ կիպ զգեստ՝ մորթյա հավելումներով։ Նորթն ու Չիկագոն եւս սպիտակ երանգներով են, իսկ որդիները՝ սեւ գույնի հագուստով։
Քորթնի Քարդաշյանը որպես հանդերձանք ընտրել էր սեւ փափուկ վերարկուն։ Աստղը բացատրել է, թե ինչու։ «Երբ զգեստապահարանումդ դեռ շատ բան հագովդ չէ, իսկ կուրծքդ լցված է կաթով, հագիր տաքուկ վերարկու»,-ինստագրամյան էջի հրապարակման ներքո գրել է վերջերս կրկին մայրացած աստղը։
Քլոե Քարդաշյանը նախընտրել էր սպիտակ քարերով պատված մարմնագույն զգեստ։ Ինստագրամյան հրապարակման ներքո հայուհին նշել է, որ Սուրբ Ծնունդը տարվա իր ամենասիրելի ժամանակաշրջանն է։
Քայլի Ջենները եւս ցանկացել է փայլել, բայց ոսկեգույն երանգով։ Նա կրել է մարմինն ընդգրկող ոսկեփայլ զգեստ, որով ջրահարսի էր հիշեցնում։ «Շնորհավոր Սուրբ Ծնունդ»,-գրել է նա։
Քենդալի հագին սեւ կիպ զգեստ էր՝ կրծքավանդակի շրջանում եւ կիսաշրջազգեստի եզրին մորթե լուծումներով։ Նա Instagram-ում ֆոտոշարք է հրապարակել, որի ներքո բազմաթիվ մեկնաբանություններ է ստացել։ Հիացողների շարքում է նաեւ նրա ավագ քույրը՝ Քլոեն, որը գրել է՝ «Դու, պարզապես, կատարելություն ես, հրեշտակ, պատկեր»։
Աղջիկներին շքեղությամբ չի զիջել նաեւ Քրիս Ջենները․ նա եւս հետ չի մնացել ընտրված գույներից՝ կրելով ոսկեգույն ու սեւ երանգների փայլուն ու դասական հանդերձանք։ «Տարվա ամենակախարդական գիշերը»,-հրապարակումը մակագրել է նա։
