Նորակոչիկների բժշկական հետազոտությունների ծավալի շատ մեծ աճ կա. Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը վստահեցնում է՝ նորակոչիկների մասով բժշկական հետազոտությունների ծավալի շատ մեծ աճ է գրանցվել։

Նախարարը դա բացատրում է նրանով, որ հետազոտություններն իրականացվում են շատ ավելի լայն շրջանակով, շատ ավելի խորությամբ։

«Մենք նաև վերջին տարիներին ՊՆ-ի հետ համատեղ վերանայել ենք կառավարության որոշումները, որոնցով սահմանված են հիվանդությունների ցանկը, վիճակների ցանկը, որոնցով որոշվում է  զինծառայության պիտանելիությունը։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ այս տարվա ձմեռային զորակոչի շրջանակներում գործարկվեց էլեկտրոնային առողջապահության ուղեգրման կտորը, որը բերում է թե թափանցիկություն, թե տվյալների ամբողջականություն, եւ նաեւ աշխատանքի ավելի ճիշտ կազմակերպում»,-ասաց Ավանեսյանը:

Ամեն դեպքում, նրա դիտարկմամբ, աղաքացին պետք է հետևողական լինի իր իրավունքների պաշտպանության մասով։

«Կան բողոքարկման գործընթացներ և միայն զինկոմիսարիատի հանձնաժողովը չէ, որ որոշում է կայացնում պիտանելիության մասով, կա արդեն փորձագիտական հանձնաժողով, որը հիվանդանոցային լրացուցիչ հետազոտությունների համալիր փորձաքննության արդյունքում վերջնական որոշում է կայացնում»,-ասաց Ավանեսյանը։

Share This