Նիկոլ Փաշինյանը Լավրովին պատասխանելու <<չունի>>

Մի քանի շաբաթ Նիկոլ Փաշինյանը համառորեն լռում էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի աղմկահարույց հայտարարության մասին առ այն, որ Արցախի կարգավորման հարցում բանակցությունների սեղանին փուլային տխրահռչակ փաթեթն է դրված: Ապրիլի 21-ին ՌԴ արտգործնախարարի արած հայտարարությանն այս ընթացքում պատասխանեցին իշխանական օրենսդիրները, ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը, սակայն նրանց լղոզված պատասխաններից հստակություն չմտցվեց:Զոհրաբ Մնացականյանն անցած շաբաթ ԱԺ-ում հարցուպատասխանի ընթացքում, ըստ էության, չհերքեց բանակցությունների մասին տեղեկությունը, ինչը տեւական ժամանակ համառորեն հերքում էր գործող իշխանությունը, ի դեմս վարչապետի, ասելով, թե բանակցություններ չեն լինի, քանի դեռ այդ սեղանին չի վերադարձել Արցախը: Չհերքեց նաեւ Լավրովի գաղտնազերծած տարբերակը, ասելով միայն՝ ուրիշ բան, որ «հիմա այդ հարցը թափ տալու կարիք չկա»: Սակայն հանրությունը սպասում էր, որ ժողովրդի վարչապետը, խոստմանը համաձայն, որեւէ գաղտնիք չի պահելու իր ժողովրդից եւ առանցքային հարցերի շուրջ խոսելու է բաց ու թափանցիկ, գուցե ոչ հրապարակներում, ինչպես խոստացել էր, բայց գոնե իրեն հարմար ցանկացած ֆորմատում։ Կասի, թե ինչի մասին էր խոսում Ռուսաստանի գլխավոր դիվանագետը, իրականում ինչ է տեղի ունենում, որի մասին ՀՀ հպարտ քաղաքացիները տեղյակ չեն եւ տեղեկացան Լավրովի խոսքից:
Սակայն Նիկոլ Փաշինյանը երեկ էլ այս հարցի հետ առերեսման ժամանակ չբացահայտեց իրականությունը: Ազգային ժողովում անցած տարվա բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ Փաշինյանն իր ելույթում շրջանցեց արտաքին քաղաքականության հատվածը, հիշեցրեց նաեւ Լավրովի անարձագանք մնացած հայտարարության մասին, ինչին ի պատասխան՝ վարչապետը մի լղոզված պատասխան տվեց՝ կրկնելով նախկինում հայտնած մտքերը: Նախ ասաց, թե ոչ ոք այդքան մանրամասն դիրքորոշում չի հայտնել, ինչքան ինքը։ «ՀՀ ոչ մի ղեկավար Ղարաբաղի հարցի կապակցությամբ այնքան հրապարակային եւ թափանցիկ չի եղել, ինչքան ես եմ եղել: Մեր դիրքորոշումը գոյություն ունի անկախ նրանից, թե աշխարհում էլ ինչ դիրքորոշումներ գոյություն ունեն,- ասաց նա՝ շարունակելով։- Այս ողջ կարգավորման պրոցեսը նրա համար է, որ մենք պատասխանենք մի հարցի՝ կարո՞ղ ենք արդյոք դիրքորոշումները մոտեցնել իրար: Ես եւս երկու կարեւոր կոմպոնենտ եմ մտցրել, որ Ղարաբաղի հարցի որեւէ լուծում գործնականում չի կարող դառնալ լուծում, եթե դա ընդունելի չէ Հայաստանի եւ Ղարաբաղի ժողովրդի համար: Դա ոչ թե իմ բարի ցանկությունն է, այլ այդպես է ի բնե: Բայց ես ավելի հեռուն եմ գնացել. լուծումը, որը կարող է տեսականորեն իրագործվել, դա այն լուծումն է, որն ընդունելի է Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար: Քանի դեռ այսպիսի լուծում չի ձեւակերպվել, լուծում չի կարող լինել: Մենք լուծման կգանք միայն այն պարագայում, երբ ԱԳ նախարարը, ես տեսնենք, որ կա մի տարբերակ, որը կարող է քննարկելի, ընդունելի լինել: Ես նախկինում հայտնած իմ դիրքորոշումներից ոչ մի բան ո՛չ պակասեցնելու, ո՛չ էլ ավելացնելու անհրաժեշտություն չեմ տեսնում»:
Նրա այս հայտարարությունից հետո շատ քաղաքագետներ արձանագրեցին, որ Փաշինյանը չասաց ամենակարեւորը, օրինակ՝ այն, որ այսօր փուլային կամ լավրովյան պլան չի քննարկվում: Փաշինյանի անորոշ պատասխանները նոր հարցադրումներ ու կասկածներ առաջ բերեցին, շատերն այդուհետ համոզված պնդեցին, որ սեղանին, իսկապես, փուլային տարբերակն է: Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ Տիգրան Ուրիխանյանը հավելյալ փորձեց ճշտել՝ կա՞ այդպիսի փաստաթուղթ կամ՝ բանակցվե՞լ է նման փաստաթուղթ, թե՞ ոչ: Բուն պատասխանից առաջ Փաշինյանն ուշագրավ խմբագրում կատարեց իրեն հարց ուղղած պատգամավորի խոսքում՝ ասելով, թե ինքը Լավրովի հայտարարությանը չի անդրադարձել, այլ անդրադարձել է իր հայտարարություններին, որոնք արել է 2018 թվականից ցայսօր. «Ես մեր դիրքորոշումն եմ արտահայտել եւ ասել, որ այն գոյություն ունի՝ անկախ երկրագնդի վրա գոյություն ունեցող այլ դիրքորոշումներից: Ձեր ասած հարցին ես նախկինում բազմիցս անդրադարձել եմ, ինձ ոչ թե դժվար է այդ նույն պատասխանները կրկնել, այլ ես կարծում եմ, որ բանը մի անգամ են ասում: Եթե այլ պատասխան լինի, դուք այդ պատասխանի մասին կիմանաք»: «Բանակցվե՞լ է նման փաստաթուղթ, թե՞ ոչ, եթե ոչ՝ ասեք, թող բոլորը հանգստանան»,- պնդեց պատգամավորը։
«Եթե իմ «ոչ»-ը պետք է հանգստացնի, ուրեմն ես նախկինում բազում անգամներ հանգստացրել եմ անհանգստացողներին, հիմա եթե այդ «ոչ»-ը չի հանգստացնում… ես չեմ կարող 24 ժամ… հարյուր անգամ հանգստացրել եմ»,- եզրափակեց Փաշինյանը՝ իր պատասխանով մեկ անգամ եւս ցուցադրելով հայ-ռուսական «փայլուն» հարաբերությունների բնույթը եւ իր արհամարհանքը Ռուսաստանի թիվ մեկ դիվանագետի հայտարարության նկատմամբ:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )