Նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի եղբորորդու գործով հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է, վերացվել է խափանման միջոց կալանավորումը․ փաստաբան
ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի եղբորորդու մասնակցությամբ 2014-ին Նուբարաշենում տեղի էր ունեցած դանակահարության գործով Օսիպյանի եղբորորդին մեղադրվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու և խուլիգանության մեջ: Գործը փակվել էր, սակայն 5 տարի անց վերաբացվել էր այլ հոդվածով և շարունակում էր մնալ նախաքննության փուլում:
Ավելի վաղ Tert.am-ի հետ զրույցում վկայից մեղադրյալի դատավարական կարգավիճակ ստացած Սարգիս Հովհաննիսյանի պաշտպան Լուսինե Վիրաբյանը ներկայացրել էր, որ 5 տարի հետո քննություն տանելով, որոշվել էր, որ Սարգիս Հովհաննիսյանը նույնպես գործով մեղադրյալ է՝ խուլիգանության փաստով: Նույն օրվա որոշմամբ մեղադրանք էր առաջադրվել ոչ միայն Սարգիս Հովհաննիսյանին, այլ նաև տուժողին և տուժողի եղբորը՝ դարձյալ խուլիգանության փաստով:
Հովհաննիսյանի պաշտպան Լուսինե Վիրաբյանն իր ֆեյսբուքյան էջում այսօր գրառում է կատարել, նշելով, որ դադարեցվել է պաշտպանյալի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը և վերացվել խափանման միջոցի կալանավորումը:
«Նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի եղբորորդու`Սեդրակ Օսիպյանի հայտնի գործով դադարեցվեց պաշտպանյալիս` Սարգիս Հովհաննիսյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը և վերացվեց խափանման միջոց կալանավորումը: Հատկանշական է, որ ընդամենը մեկ ամիս առաջ քննիչն ու դատախազը առանց պատճառաբանման մերժում էին նույն հիմքով ներկայացրած միջնորդություններս: Ի վերջո` երկարատև ու համառ պայքարից հետո արդարությունը վերականգնվեց»,- գրել է պաշտպանը:
Հիշեցնենք, որ 2014 թվականին Նուբարաշենում տեղի ունեցած դանակահարության գործով Վալերիյ Օսիպյանի եղբորորդին մեղադրվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու և խուլիգանության մեջ` Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին և 258-րդ հոդվածի 4-րդ մասով:
Հիշեցնենք նաև, որ գործը փակվելուց 5 տարի հետո վերաբացվել էր՝ այլ հոդվածով: Սարգիս Հովհաննիսյանը վկայից մեղադրյալի դատավարական կարգավիճակ էր ստացել: Պաշտպանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ դադարեցնել իր պաշտպանյալ Սարգիս Հովհաննիսյանի նկատմամբ քրեական հետապնդումը:
