ՄՍԾ սխալի ու անգործության հետևանքով պետությունն ամիսներ շարունակ մանկահասակ երեխային զրկել է աջակցության նպաստից

Անցած տարվա ամռան ընթացքում մեկ շաբաթով  Հայաստանից բացակայելու համար պետությունը մանկահասակ երեխային ամիսներ շարունակ զրկել է 50 հազար դրամ աջակցության նպաստից։

-խմբագրություն ահազանգած քաղաքացին հայտնեց, որ այս տարվա հունվարից մեկ տարեկան մի քանի ամսական իր երեխային զրկել են աջակցության նպաստից՝ հիմնավորելով, որ երեխան Հայաստանի տարածքից դուրս է բերվել ու չի վերադարձվել, մինչդեռ իրականում հունիսին մի քանի օր չեն եղել երկրում։

Միասնական սոցիալական ծառայության Նոր Նորքի և Ավանի տարածքային կենտրոնում քաղաքացուն խորհուրդ են տվել դիմում գրել՝ կից ներկայացնելով երեխայի անձնագիրն ու այլ փաստաթղթեր։ Հունվարի 22-ին երեխայի մայրը ներկայացրել է դիմումը։ Կենտրոնում հավաստիացրել են, որ հաջորդ ամսվանից՝ այսինք փետրվարից աջակցության նպաստը կստանան։

Մարտի 11-ին խմբագրություն զանգահարած քաղաքացին նշեց, տարածքային սոցիալական կենտրոնի աշխատակիցներն անգործություն են ցուցաբերում, երկու ամսվա ընթացքում դիմումին որևէ ընթացք չի տրվել, նպաստ ստանալու իրավունքը չի վերականգնվել։

«Վերջին անգամ այսօր  (մարտի 11-ին-խմբ.) եմ խոսել։ Ասացին՝ դեռ նպաստը նշանակված չէ, այսինքն դիմումին ընթացք տրված չէ։ Արդեն երրորդ ամիսն է՝ պետությունը երեխային զրկել է աջակցության նպաստից իրենց իսկ կողմից թույլ տված սխալի, ապա դրան հետևած անգործության հետևանքով։ Ինչպե՞ս կարելի է նման անպատասխանատու վերաբերմունք ցուցաբերել նախ քաղաքացու, ապա աշխատանքային պարտականությունների նկատմամբ»,-Panoarama.am-ի հետ զրույցում ասաց քաղաքացին։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունում լսելով հարցը՝ խորհուրդ տվեցին գրավոր հարցում ուղարկել, որպեսզի վերահասցեագրեն միասնական սոցիալական ծառայություն՝ նկարագրված դեպքի մանրամասներին ծանոթանալու համար։

Մարտի 11-ին հասցեագրված նամակին նախարարությունից պատասխանեցին «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ՝ չտեղեկացնելով, որ հարցերին պատասխանելու համար հավելյալ աշխատանք ու ժամանակ է հարկավոր։

Ինչևէ։ Այսօր՝ մարտի 25-ին խմբագրության էլ. փոստին ստացած պատասխանում պետական մարմինն ընդունում է, որ սխալ է թույլ տրվել, ինչի հետևանքով  «Հայաստանի Հանրապետությունից անընդմեջ 6 ամսից ավելի ժամկետով բացակայելու պատճառով 01.01.2024 թ. դադարեցվել է դրամական աջակցություն ստանալու իրավունքը»։

Panorama.am-ին նախարարությունից հայտնեցին, որ հիմք ընդունելով երեխայի մոր դիմումը՝  վերականգնվել է դրամական աջակցություն ստանալու իրավունքը դադարեցման օրվանից՝ 01.01.2024 թ.։

«Տեխնիկական խնդիրներով պայմանավորված՝ դրամական աջակցություն գումարը չի ներառվել փետրվար-մարտ ամիսների վճարման ցուցակ։ Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 2024 թվականի ապրիլ ամսվա վճարման ցուցակներով կվճարվի նաև չվճարված ամիսների դրամական աջակցության գումարները»,-նշեցին նախարարությունից։

Ի դեպ, սա միակ դեպքը չէ, երբ պետական մարմիններում առկա խնդիրների, անգործության հետևանքով քաղաքացու՝ նպաստ ստանալու իրավունքը ոտնահարվում է, երեխա ունեցած քաղաքացին զրկվում է  պետական աջակցությունից։ Պետական մարմինների աշխատանքի հետևանքով խախտված իրավունքներով քաղաքացու խնդիրն անտեսել են ՄԻՊ գրասենյակում, վարչապետի աշխատակազմում, ԿԳՄՍ նախարարությունում, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում։

Դեպքի մասին մանրամասները՝ հարակից նյութերում։

Share This