ՄՊՀ նախագահը ICN-ի համաժողովին ներկայացրել է պետգնումներում հակամրցակցային համաձայնությունների բացահայտման ՀՀ փորձը
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը Էդինբուրգում մասնակցել է Մրցակցության միջազգային ցանցի (ICN) տարեկան համաժողովի շրջանակում կազմակերպված «Խթանելով բարեխիղճ մրցակցությունը պետական գնումների գործընթացում» պանելային քննարկմանը։
Հանձնաժողովից Ambion.news–ին հայտնում են, որ քննարկմանը մասնակցել են Իսպանիայի, Չեխիայի, Կոստա Ռիկայի, Լիտվայի մրցակցային մարմինների ներկայացուցիչները։
ՄՊՀ նախագահը ներկայացրել է պետական գնումներում հակամրցակցային համաձայնությունների բացահայտման հանձնաժողովի գործիքակազմը ու փորձառությունը։ Նա նշել է, որ Հայաստանի մրցակցային մարմինը ֆինանսների նախարարության հետ համագործակցությամբ ներկայումս մշակում է արհեստական բանականության գործիքների ներդրման միջոցով պետական գնումներում հակամրցակցային գործելակերպի բացահայտման թվային համակարգ, որը պետական գնումների համակարգը կդարձնի ավելի թափանցիկ և արդար։
Նշենք, որ ՄՊՀ-ն Մրցակցության միջազգային ցանցին անդամակցում է 2001 թվականից: Կազմակերպությունը կոչված է խթանելու մրցակցային մարմինների համագործակցությունն ամբողջ աշխարհում:
