Մինչև 1.5 մլն դրամ չկատարած հարկային պարտավորության պարագայում չեն հարուցվելու չվճարված հարկային պարտավորությունների գանձման վարչական վարույթներ. Դավիթ Անանյան
ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կազմակերպված ասուլիսին ներկայացրեց երեկ ԱԺ-ում ընդունված՝ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի և կառավարության հետ համատեղ ներկայացված օրինագիծը: Նա նշեց, որ օրինագծով հարկային պարտավորությունների չկատարման համար ուշացած օրերի համար սահմանված տուժը 0.075-ից իջեցվել է 0.04-ի, այսինքն՝ կիսով չափ իջեցվել է տույժի գումարը, ինչպես նաև գույքի արգելանքի կիրռաման պայմանում 500 հազար դրամի շեմը բարձրացվեց 3 անգամ և սահմանվեց 1.5 մլն դրամ:
Անանյանը ներկայացրեց, թե որոնք են փոփոխությունների գնալու դրդապատճառները և թե ինչպես են փոփոխությունները դրական առումով անդրադառնալու ձեռնարկատիրության շրջանակների վրա։ «ՊԵԿ-ի իրավապահ գործառությունների շրջանակներում հարկային օրենսգրքի 398 հոդվածով սահմանված է 200 հազար դրամի շեմ, որը գերազանցելու պարագայում հարուցվում է չվճարված հարկային պարտավորությունների հարկային վարույթ և նույն հարկային օրենսգրքի 430 հոդվածով սահմանված է գույքի արգելանքի համար շեմ՝ 500 հազար դրամը: Այսինքն՝ եթե հարկ վճարողն ունի չկատարած հարկային պարտավորություն, որը չի գերազանցում 200 հազար դրամը, ապա տվյալ պարտավորության նկատմամբ չի հարուցվում վարչական վարույթ և եթե պարտավորությունը չի գերազանցում 500 հազար դրամը, ապա գույքի արգելանքի գործառույթներ չեն իրականացվում: Հիմա 1.5 մլն սահմանելով՝ ՊԵԿ-ը վստահեցնում, է որ մինչև 1.5 մլն դրամ չկատարած հարկային պարտավորության պարագայում չեն հարուցվելու չվճարված հարկային պարտավորությունների գանձման վարչական վարույթներ, ինչպես նաև գույքի արգելանքի կիրառման գործառույթներ չեն իրականացվելու»,-ասաց նա:
Նրա խոսքով՝ եթե վերլուծենք պարտավորությունը սահմանված ժամկետում չմարելու պարագայում յուրաքանչյուր օրվա համար տույժի դրույքաչափի իջեցման դրույթը, ապա կստացվի 0.075 դրույքաչափի պարագայում տարեկան հաշվարկով դա կազմում է 27,7 տոկոս իսկ 0.04-ի դեպքում 365 օրվա հաշվարկով ստանում ենք 14.6 տոկոս: «Եթե համադրենք այս երկու իրավական դրույթների փոփոխությունը, այսինքն 1.5 մլն շեմի սահմանումը և ուշացած օրերի տույժի դրույքաչափի կիսով չափ կրճատումը, ըստ էության, մեր հարկ վճարողներին «կվազի» վարկավորման գործիք ենք առաջադրում, թեև մասնագիտական առումով այդքան էլ կոռեկտ չէ այդպես արտահայտվելը, բայց մեր հանրությանը, հարկ վճարողներին նոր գործիք ենք առաջադրում»,- ասաց նա:
Անանյանը նշեց, որ այսպիսի արագ տեմպերով օրինագիծ անցկացնելը նշանակում է, որ դեռևս չեն հասցրել ավտոմատացված համակարգերում համապատասխան ծրագրային փոփոխություններ իրականացնել, որը պատրաստվում են մոտակա 1-1.5 ամսվա ընթացքում իրականացնել: «Եթե դուք այս ընթացքում կտեսնեք, որ ձեր անձնական հաշվի քարտերում տույժերը դեռևս հաշվարկվում են 0.075 տոկոսով, մտահոգվելու առիթ չկա, երբ ավտոմատացված համակարգերում համապատասխան մոդուլները ձևավորված կլինեն և ծրագրային փոփոխությունները իրականացված կլինեն, մենք կկատարենք վերահաշվարկն այնպես, որ ապրիլի 21-ից սկսած տույժերի հաշվարկը լինի օրենքով սահմանված կարգով»,- ասաց նա:
