Մեծ Բրիտանիան բանակցում է Հայաստանի հետ՝ ապօրինի ներգաղթյալներին երկիր ուղարկելու համար. Երևանն ակնկալում է առնվազն 290 մլն ֆունտ ստեռլինգ ստանալ
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն Հայաստանի, Կոտ դ’Իվուարի, Կոստա Ռիկայի և Բոտսվանայի ներկայացուցիչների հետ բանակցություններ է վարում մի համաձայնագրի շուրջ, որի շրջանակում նախատեսվում է ապօրինի ներգաղթյալների ժամանակավոր տեղափոխում այդ երկրներ:
Այս մասին Միացյալ Թագավորության ԱԳՆ-ի արտահոսած փաստաթղթղերից տեղեկացել է բրիտանական The Times պարբերականը՝ մանրամասնելով, որ Մեծ Բրիտանիան արդեն 18 ամիս փնտրում է երկրներ, որոնք պատրաստ կլինեն ընդունել ապօրինի ներգաղթյալներին։
Ըստ փաստաթղթի՝ ապօրինի ներգաղթյալները պետք է այդ երկրներում տեղակայվեն, քանի դեռ բրիտանական իշխանությունները կքննարկեն ապաստանի տրամադրման վերաբերյալ նրանց հայցերը:
Նշվում է նաև, որ Հայաստանն ակնկալում է այս գործարքից ստանալ առնվազն 290 միլիոն ֆունտ ստեռլինգ:
