Մեզ տեղեկացրել են, որ վաղը գնանք օդանավակայան, թռիչք է լինելու, տոմսերի գումարն ենք հիմա փնտրում, տոսմը 11,000 ռուբլի է. <<Դոմոդեդովոյում>>գիշերող քաղաքացի
Նրա խոսքով՝ տոմսի գումարի հարցը իրենք պետք է հոգան: «Տոմսերի գումարները մենք պետք է հոգանք: Սկզբում ասել են՝ անվճար է լինելու, հիմա էլ ասում են՝ վճարովի է, կգնեք տոմսերը: Մենք 7 հոգի ենք, որից երեքիս տոմսի փողն ունենք: Զանգում եմ ծանոթ բարեկամի, որ գտնենք գումարը»,- ասաց նա:
Զավեն Սահակյանը նշեց՝ չգիտի հստակ քանի մարդ վաղը կվերադառնա ՀՀ, նրա խոսքով՝ իրենց կոնկրետ բան չեն ասում, իրենք էլ անորոշության մեջ են:
«Տոմսի արժեքը 11,000 ռուբլի է, մեզ ասել են որքան պակասի տոմսերի գումարը, դեսպանատունը կհոգա, որքանով է դա ճիշտ՝ չգիտենք, դրա համար մենք մեր գումարը փորձում ենք գտնել, որ չգնանք օդանավակայան ու հանկարծ պարզվի, որ չենք կարող գնալ Հաայաստան»,- ասաց նա:
Զավեն Սարգսյանը նշեց, որ իր կարծքով՝ վարչապետին սխալ են զեկուցում իրավիճակի մասին:
ՀՅԴ Հայ Դատի Մոսկվայի գրասենյակի ղեկավար Ներսես Ներսեսյանն էլ Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին՝ արդյոք վաղը թռիչք լինելու, հույս հայտնեց, որ կլինի: «Այս պահին ևս 5 հոգու ենք տեղափոխում հոսթել, դեսպանատունը բոլորին տեղավորել է, այնպես որ, ամեն ինչ նորմալ է, հուսով ենք կլինի»,- ասաց նա:
Ավելի վաղ Tert.am-ը տեղեկացրել էր, որ «Դոմոդեդովո» օդանավակայանից երեկ գիշեր հայերին դուրս են հանել:
Օդանավակայանի անվտանգության աշխատակիցները հայերին ասել էին՝ երկու օրից թռիչք է լինելու ու հորդորել էին լքել տարածքը և օդանվակայան գալ թռիչքի օրը:
Հիշեցնենք, որ ապրիլի 12-ից մշտապես «Դոմոդեդովոյում» մնացել են մարդիկ, որոնք ցանկանում են վերադառնալ Հայաստան, սակայն չվերթ չլինելու պատճառով չեն վերադարձել: Օդանավակայանում մնացողները հրաժարվել էին տեղափոխվել հյուրանոցներ, քանի որ մտածում էին, որ եթե մնան օդանավակայանում, չվերթ լինելու դեպքում առաջնահերթ իրենք կվերադառնան:
ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը ցուցակագրել էր 268 հայի, որոնք պետք է վերադառնան, նրանցից 120-ը գիշերում էին այնտեղ:
Հիշեցնենք նաև, որ Մոսկվայից Հայաստան չվերթ եղել է ապրիլի 6-ին, 7-ին և 12-ին, ՀՀ էր վերադարձել 260 քաղաքացի։
