Մեզ, ինչպես և հանրությանը, անհանգստացնում է, որ «Զվարթնոցում» տեղակայված են ռուս սահմանապահներ. ՔՊ-ական պատգամավոր
Այո, մեզ այդ հարցն անհանգստացնում է, ինչպես մեր հանրության մեծ մասին։ Այդ հարցը մեր քաղաքական թիմի օրակարգում է, քննարկումներ են տեղի ունենում, երբ որոշումներ կլինեն, դրանց մասին կիմանանք բոլորս»,- ԱԺ ճեպրազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, արդյո՞ք իրենց անհանգստացնում է, որ «Զվարթնոց» օդանավակայանում տեղակայված են ռուս սահմանապահներ։
Նա նշեց, որ քննարկումների դետալների մեջ չի մտնի, բայց կարձանագրի, որ հանրության շրջանում առկա անհանգստությունները կան նաև իրենց քաղաքական թիմում և այդ հարցը այդ կոնտեքստում էլ քննարկվում է։
Հարցին՝ քննարկվում է, որ, օրինակ, նրանց թիվը շատացնե՞ն, ավելի ամրապնդե՞ն նրանց դիրքերը, թե՞ քննարկվում է նրանց դուրս հանելու հարցը, Հովհաննիսյանն ասաց. «Կարծում եմ՝ մեր հանրության անհանգստությունները չեն վերաբերում նրան, որ սահմանապահների թիվը փոքր է, այլ վերաբերում է նրան, որ սահմանապահները թիվ ունեն և այս կոնտեքստում են քննարկումները»։
Հարցին՝ ի՞նչ տեղի ունեցավ, որ իշխանությունը պաշտոնավարման 6-րդ տարում «գլխի ընկավ», որ, օրինակ, ռուս սահմանապահները խնդրահարույց են «Զվարթնոցում»՝ ՔՊ-ական պատգամավորը պատասխանեց. «Բազմաթիվ իրողություններ ի հայտ եկան վեց տարիների ընթացքում, ոչ թե վեց տարի հետո, այլ՝ տարիների ընթացքում, հետևաբար, յուրաքանաչյուր իրողություն իր հետևից պետք է բերի որոշակի դատողություններ, որոշումներ և գործողություններ, այս համատեքստում պետք է դիտարկենք յուրաքանչյուր գործողություն։
Հիմա նույն տրամաբանությամբ, ցավոք, ուշ գլխի ընկանք, որր ՀԱՊԿ անվտանգային կառույցը չի աշխատում։ Սա նշանակում է, որ պահին խնդիր է առաջանում, պետք է գնալ ու խնդիրը լուծել, չթողնել այդ խնդիրը մեզ հետ մնա տասնամյակներ, ինչպես եղել է»։
