Մարաշի համայնքային ոստիկանները ձերբակալել են երկու անձի․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ

Թմրանյութ ապօրինի պահելու և իրացնելու վերաբերյալ օպերատիվ տեղեկությունը Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները իրացրին հունիսի 23-ին։ Առավոտյան ժամը 6։50-ին մայրաքաղաքի Գարեգին Հովսեփյան փողոցում ոստիկանները ձերբակալեցին 35-ամյա տղամարդու և 44-ամյա կնոջ։

Նրանք իրենց վարած ավտոմեքենայով տեղափոխվեցին բաժին, «Տոյոտա» մակնիշի մեքենան կնիքվեց պահպանվող հատուկ տարածքում։ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։

Վարույթի շրջանակում հունիսի 25-ին մեքենան խուզարկվեց։ Հայտնաբերվեց ընդհանուր 49 գրամ մարիխուանայով լցված 30 փաթեթ, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։

Share This