Մահացել է մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Տիգրան Թանգամյանը

▪️Խոր վշտով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է ՀՊՄՀ Կենսաբանության, քիմիայի և նրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսոր, մանկավարժական գիտությունների դոկտոր Տիգրան Թանգամյանը։

 

Տիգրան Թանգամյանը Մանկավարժական համալսարանի Կենսաքիմիական ֆակուլտետի կենսաբանության բաժն շրջանավարտ էր, որն իր մասնագիտական և գիտամանկավարժական ողջ գործունեությունը հետագայում կապեց հարազատ բուհի հետ։

 

Ավելի քան հինգ տասնամյակ նա ծառայեց կրթության և գիտության ոլորտին՝ անցնելով դասախոսի, ամբիոնի վարիչի և պրոֆեսորի մասնագիտական ուղին` 1971 թվականից` որպես դասախոս, 2005–2016 թվականներին` Կենսաբանության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, իսկ 2016 թվականից` նույն ամբիոնի պրոֆեսոր։

 

Պրոֆեսոր Թանգամյանը նշանակալի ներդրում ունի կենսաբանության դասավանդման մեթոդիկայի զարգացման, մանկավարժ-կենսաբանների ուսուցման և նրանց գիտական աշխարհայացքի ձևավորման գործում։

2003 թվականին նրան շնորհվել է մանկավարժական գիտությունների դոկտորի գիտական աստիճան՝ «Կենսաբանության դպրոցական դասընթացի համակարգված ուսուցման տեսությունն ու պրակտիկան» թեմայով ատենախոսության համար։

 

Նա բազմաթիվ գիտական աշխատությունների, ուսումնամեթոդական ձեռնարկների և դպրոցական դասագրքերի հեղինակ ու համահեղինակ է։ Նրա հեղինակած դասագրքերն ու ուսումնամեթոդական աշխատությունները կարևոր դեր են ունեցել սովորողների և ուսուցիչների մի քանի սերունդների կրթության գործում։

 

Տիգրան Թանգամյանի երկարամյա և նվիրված գործունեությունը գնահատվել է մի շարք պարգևներով, այդ թվում՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալով, «Մանկավարժական համալսարան» և «Երախտագիտություն» մեդալներով։

 

Մանկավարժական համալսարանի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողները խոր ցավակցություն են հայտնում Տիգրան Թանգամյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, մտերիմներին, գործընկերներին և ուսանողներին:

 

Պրոֆեսորի հիշատակը վառ կմնա համալսարանի և նրա սաների հիշողության մեջ։

 

Տիգրան Թանգամյանի հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 2-ին՝ ժամը 17:00-20:00-ն, Նուբարաշեն 46 հասցեում։

Share This