Մահացել է գերմանական քաղաքականության վետերան Վոլֆգանգ Շոյբլեն

Մահացել է գերմանական քաղաքականության վետերան Վոլֆգանգ Շոյբլեն։ Կյանքի 82-րդ տարում գերմանացի հայտնի քաղաքական գործչի մահվան մասին գերմանական լրատվական գործակալությունները հայտնել են չորեքշաբթի՝ դեկտեմբերի 27-ին:

Գերմանիայի քաղաքական ասպարեզից հեռացել է մի ամբողջ ինստիտուտ. Հեռացել է մի մարդ, ով ուներ կիրք դեպի քաղաքականություն, մարդ, որը երբեք թույլ չտվեց, որ պարտություններն ու ճակատագրի հարվածները նրան հունից դուրս հանեն։

1942 թվականին ծնված Վոլֆգանգ Շոյբլեն Դաշնային Հանրապետության՝ սկզբում Արևմտյան Գերմանիայի, ապա վերամիավորված երկրի քաղաքական պատմության մարդկային մարմնավորումն էր: Շոյբլեն, որը ներկայացնում էր պահպանողական Քրիստոնեա-դեմոկրատական ​​միություն (ՔԴՄ) կուսակցությունը, Բունդեսթագի անդամ է ավելի քան կես դար՝ 1972 թվականից։ Սա ազգային ռեկորդ է. Գերմանիայում պառլամենտարիզմի շուրջ 150-ամյա պատմության ընթացքում նախկինում ոչ մեկին դա չի հաջողվել։

Երկու իրադարձություն իրենց հետքն են թողել Շոյբլեի քաղաքական և անձնական կյանքի վրա՝ 1990 թվականին նրա դեմ կատարված մահափորձը, որի պատճառով նա ստիպված է եղել այդ ժամանակվանից տեղաշարժվել անվասայլակով։ Իսկ դրանից տասը տարի անց նա ստիպված եղավ հրաժարվել ՔԴՄ-ի նախագահի պաշտոնից և, միաժամանակ, մի օր դաշնային կանցլեր դառնալու հեռանկարից։

Շոյբլեն ուսումնասիրել է տնտեսագիտություն և ստացել իրավագիտության դոկտորի կոչում: 1984 թվականին Հելմուտ Կոլը, որն այդ պահին նոր էր ընտրվել կանցլեր, նրան կանչեց Բոննում գտնվող այն ժամանակվա կառավարական կենտրոնակայան։ Շոյբլեն դարձավ դաշնային կանցլերի դեպարտամենտի ղեկավարը և, այդպիսով, իշխանությունների գործողությունների յուրօրինակ կազմակերպիչը։ Նրա կողքով ուրիշ ոչ ոք չէր կարող անցնել գերմանական մեծ քաղաքականության մեջ։ 1989 թվականին Շոյբլեն դարձավ ԳԴՀ ներքին գործերի նախարարության ղեկավարը, և բարենպաստ հանգամանքները նրան մղեցին քաղաքական կյանքի էպիկենտրոն։ Բեռլինի պատի անկումից հետո նա կարևոր դեր է խաղում Գերմանիայի Դաշնային Հանրապետության և ԳԴՀ-ի միջև միավորման պայմանագրի կնքման շուրջ բանակցություններում:

Բայց 1990 թվականի հոկտեմբերի 12-ին հոգեկան հիվանդը նախընտրական հանրահավաքի ժամանակ կրակում է Շոյբլեի վրա և ծանր վիրավորում քաղաքական գործչին։ Այդ ժամանակվանից նա հաշմանդամի սայլակում է։ Հանձնվելը տարբերակ չէր Շոյբլեի համար: Նա ինքն իրեն ասել է. «Ես ոչինչ չեմ կարող փոխել, բայց քանի դեռ ողջ եմ, ապրում եմ»։ Հարձակումից վեց շաբաթ անց նախարարն անվասայլակին նստած իր առաջին ասուլիսն է տալիս։

1998-2005 թվականներին, երբ ՔԴՄ-ն ընդդիմության մեջ էր, Վոլֆգանգ Շոյբլեն կենտրոնացավ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերի վրա։ ՔԴՄ-ի և սոցիալ-դեմոկրատների կողմից ձևավորված «մեծ կոալիցիոն» կառավարությունում նա ստանում է ներքին գործերի նախարարի պորտֆելը: Ընդդիմությունում նրան համարում են քաղաքական գործիչ, որը դժվարին իրավիճակներում պահպանում է տոկունությունն ու անզիջումությունը։ Այսպես, նա հանդես է գալիս օդային անվտանգության մասին օրենքի ընդունման օգտին, որը թույլ կտար խոցել ահաբեկիչների կողմից գրավված ինքնաթիռները։ Առաջարկը ձախողվում է Բունդեսթագում։

Նրա հովանու ներքո՝ որպես ֆինանսների նախարար (2009 թվականից) ՔԴՄ-ի և Ազատ դեմոկրատական ​​կուսակցության (FDP) կառավարական կոալիցիան որոշում է Դաշնային Հանրապետության պատմության մեջ խնայողությունների ամենամեծ փաթեթի վերաբերյալ։ Ընդ որում, Շոյբլեն իր քաղաքականությամբ ոչ միայն ընկերներ է ձեռք բերում։ Եվրոգոտու ճգնաժամի ժամանակ նա նույնիսկ թիրախավորվում է շատ հույների կողմից, քանի որ ձգտում է Հունաստանին մղում է իրականացնել խիստ խնայողության քաղաքականություն և նվազեցնել սոցիալական ծախսերը։

2017 թվականի հոկտեմբերին Վոլֆգանգ Շոյբլեն ընտրվում է դաշնային խորհրդարանի նախագահի պաշտոնում։ Գերմանիայի Սահմանադրության համաձայն՝ սա պետության երկրորդ դեմքն է: Եվ, հավանաբար, լավագույն պաշտոնւնրա համար: Շոյբլեն այս պաշտոնում հարգված է որպես լավագույն բանախոսներից մեկը և որպես մարդ, ով, ինչպես ոչ ոք, ղեկավարում է Բունդեսթագի նիստերը իր խելացի մտքով, գերմանական ժողովրդավարության հիմքերի խորը ըմբռնմամբ և հումորի զգացումով:

Share This