ՀՖՖ-ից պահանջում ենք անհապաղ բարելավել մրցավարության որակը․ «Ուրարտու» ՖԱ
Ուրարտուի» գլխավոր տնօրեն Դավիթ Շախբագյանը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ խիստ քննադատության ենթարկելով Հայաստանի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի շրջանակում կայացած «Ուրարտուի» և «Ալաշկերտի» միջև հանդիպման մրցավարությունը:
Ակումբը հրապարակավ դժգոհություն է հայտնել՝ պահանջելով ՀՖՖ-ից անհապաղ բարելավել մրցավարության որակն ու հավասար մոտեցում ցուցաբերել բոլոր թիմերի նկատմամբ։
«Մենք չենք ընդունում Հայաստանի Պրեմիեր լիգայի 22-րդ տուրի «Ուրարտու»-«Ալաշկերտ» հանդիպման արդյունքը՝ այն համարելով ոչ արդար և ձևավորված մրցավարական լուրջ սխալների պայմաններում։
Մրցավարության օբյեկտիվության և որակի վերաբերյալ ստիպված ենք հրապարակավ արտահայտել մեր դժգոհությունը։
Մրցավարությունը եղել և մնում է հայկական ֆուտբոլի ամենացավոտ և խնդրահարույց օղակներից մեկը՝ ուղղակիորեն ազդելով առաջնության մակարդակի, արդարության և վստահության վրա։ Այս հանդիպումը հերթական անգամ դարձավ դրա վառ ապացույցը․ մենք ականատես եղանք մրցավարության անընդունելի որակի, որը խաթարեց խաղի բնական ընթացքը և մրցակցության արդար սկզբունքները։
Անընդունելի է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չի ցուցաբերում բավարար հետևողականություն նմանատիպ մրցավարական համակարգի բարելավման հարցում։ Ակնհայտ սխալները մնում են անպատիժ, ինչը ձևավորում է անվստահության և անարդարության խորացող մթնոլորտ։
Հաշվի առնելով, որ մրցաշրջանի ավարտը մոտենում է, առկա են լուրջ հիմքեր կարծելու, որ նմանատիպ խայտառակ մրցավարական սխալները կարող են ազդել մրցաշարային աղյուսակի ձևավորման վրա՝ վտանգելով առաջնության արդարությունն ու թափանցիկությունը։
Մենք պահանջում ենք՝ մրցավարության որակի անհապաղ բարելավում, պատասխանատվության հստակ մեխանիզմներ, և հավասար, անկողմնակալ մոտեցում բոլոր թիմերի նկատմամբ։
Արդարությունը չի կարող լինել ընտրովի։ Հաղթողը պետք է որոշվի խաղադաշտում, ոչ թե մրցավարական սխալներով»,- նշված է ակումբի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Fastex Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում «Ալաշկերտը» հյուրընկալվելիս 3-1 հաշվով առավելության էր հասել «Ուրարտուի» նկատմամբ։ Հանդիպման ընթացքում դաշտի տերերը մնացել էին 9 հոգով. 43-րդ րոպեին ուղիղ կարմիր քարտով հեռացվել էր Ալեքսանդր Միշիչը, իսկ 90+4-րդ րոպեին երկրորդ դեղին քարտով դաշտը լքել էր Նարեկ Աղասարյանը:
