ՀԿ-ն չի կարող որոշել Ոստիկանության անելիքներն ու տեսլականը, կարող է առաջարկություններ անել. ՀՀ փոխոստիկանապետ
Այս միջոցառմանը Ոստիկանությունը պետք է մասնակցեր ոստիկանապետի մակարդակով, ուղղակի օբյեկտիվ պատճառներից ելնելով` ոստիկանության պետի պաշտոնակատարը չկարողացավ ներկա գտնվել: Այս մասին «Հետհեղափոխական Հայաստան. Ոստիկանության բարեփոխումների տեսլականը և օրակարգը» քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը՝ նշելով, որ քննարկման այս ձևաչափը ևս մի հարթակ է Ոստիկանության բարեփոխումների շուրջ հասարակության հետ երկխոսելու:
«Եթե հրավերներ լինեն, բոլոր այսպիսի քննարկումներին մասնակցելու ենք: Մենք փակ չենք, մենք նախապաշարումներ չունենք, մենք բաց ենք մեր հասարակության հետ, և այս հարթակն էլ շատ լավ առիթ է մեր տեսակետը հայտնելու»,-նշեց փոխոստիկանապետը:
Հարցին` մինչ այս Ոստիկանությունը քանի՞ նման միջոցառման հրավեր է մերժել, փոխոստիկանապետը պատասխանեց. «Ես չեմ հիշում որևէ քննարկում, որը մերժած լինենք, համենայն դեպս չեմ հիշում՝ ոստիկանությունը որևէ քննարկում մերժած լինի»:
Անդրադառնալով հարցին` հասարակական կազմակերպությունը կարո՞ղ է որոշել Ոստիկանության հետագա անելիքները և տեսլականը, Հովհաննես Քոչարյանն ասաց. «Որոշել չի կարող, առաջարկություններ ներկայացնել կարող է: Կան ձևաչափեր․ հանրային խորհրդի ձևաչափով, պատգամավորների միջոցով հասարակական կազմակերպությունը կարող է քննարկման ինչ-որ հարց բարձրացնել օրակարգային, բայց որոշել`ոչ»:
Հիշեցնենք, որ այսօր կայացել է «Հետհեղափոխական Հայաստան. Ոստիկանության բարեփոխումների տեսլականը և օրակարգը» քննարկումը, որի նպատակն էր պետական մարմինների և քաղաքացիական հասարակության երկխոսության միջոցով ուրվագծել Հայաստանում Ոստիկանության բարեփոխման առաջնահերթությունները և հանրային ընկալման մեջ ոստիկանության դերի բարձրացման ուղղությունները։ Քննարկումը կազմակերպվել էր քաղաքացիական հասարակության ավելի քան 60 կազմակերպություններ միավորող «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության կողմից:
