Հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարությունն ուղղված է Ռուսաստանին․ միջազգայնագետ
ԼՈՒՐԵՐ.com-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով զրուցեց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանի հետ, ով տեսակետ հայտնեց, թե ԱՄՆ-ն երբեք չի եղել Հայաստանի դաշնակիցը ոչ այս գործընթացում, ոչ առհասարակ որևէ այլ։
«ԱՄՆ-ն չի կարող լինել հիմնական գործընկեր կամ միջնորդ այս բանակցություններում հենց միայն նրա համար, որ նոյեմբերի 9-ի արձանագրությունը ինքը չի ստորագրել, իր խաղաղապահները չեն կանգնած Արցախում։
Այս հայտարարությունը ուղղված է ներքին լսարանին և առաջին հերթին Ռուսաստանին։ Նրանք անընդհատ հայտարարում են, որ շուտով կստորագրվի պայմանագիր, բայց չորս օր արտգործնախարարներին պահում են Վաշինգտոնում և անգամ մեկ մամուլի ասուլիս չեն կարողանում կազմակերպել։ Հետևաբար, սա ընդունենք իբրև քաղաքավարությունից ելնող հայտարարություն»,-ասաց նա։
Ըստ մեր զրուցակցի՝ ԱՄՆ-ն մեզ բարեկամ պետություն է, որովհետև հայ համայնք ունենք այնտեղ և այդ համայնքը կապող օղակ է մեր և ԱՄՆ-ի միջև, սակայն, ըստ նրա, եթե հստակ դրվում է ընտրություն՝ Ռուսաստան, թե ԱՄՆ՝ որպես ռազմական դաշնակից, ապա, միանշանակ, Ռուսաստան։
«Այո, ԱՄՆ-ի հետ պետք է հարաբերությունները զարգացնել, սակայն ոչ դաշնակցի հետ հարաբերությունների հաշվին»,-եզրափակեց Բալասանյանը։
