Հայաստանն ու Խորվաթիան ռազմավարական երկխոսության համաձայնագիր են կնքել
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հետ։
Վարչապետը ողջունել է Անդրեյ Պլենկովիչի այցը Հայաստան և մասնակցությունը Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները գտնվում են բարձր քաղաքական երկխոսության մակարդակի վրա և այսօր այն արձանագրվելու է հարաբերությունները ռազմավարական երկխոսության մակարդակի բարձրացմամբ: Երկրի ղեկավարն ընդգծել է Հայաստանի և Խորվաթիայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մեծ ներուժը և վստահություն հայտնել, որ այն կշարունակի զարգանալ ու ընդլայնվել:
Անդրեյ Պլենկովիչը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը հյուրընկալելու համար։ Խորվաթիայի վարչապետը համոզմունք է հայտնել, որ այսօրվա հանդիպումը նոր ազդակ կհաղորդի երկկողմ բազմաոլորտ հարաբերությունների առաջմղմանը:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան–Խորվաթի հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր, անդրադարձել տարածաշրջանային նշանակության տարբեր թեմաների։
Հանդիպման արդյունքներով Նիկոլ Փաշինյանը և Անդրեյ Պլենկովիչը ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Խորվաթիայի Հանրապետության միջև ռազմավարական երկխոսության մասին համատեղ հռչակագիրը:
