Հակոբ Սիմիդյանն օգնե՞լ է մորեղբոր որդուն
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանի մորեղբոր որդու՝ Արամ Արամյանի դեմ պայքար են սկսել նրա նախկին կինն ու զոքանչը։ Վերջիններս մատնանշում են դատարանի անօրինական որոշումն ու կասկածներ հայտնում, որ Սիմիդյանը դատարանի որոշման հարցում դերակատարություն է ունեցել։
Նախկին զոքանչը՝ Թամարա Միսկարյանը, պատմում է՝ դատարանն անհիմն կերպով իր նախկին փեսային նախ թույլ է տվել տեսակցել երեխայի հետ, ապա՝ վերջինիս 5 ժամով իր հետ տանել։
«Սա բաժանության եւ երեխայի հարց է։ Ոչ օրինական ամուսնություն է եղել, իմ աղջիկը բաժանվեց, որովհետեւ ամուսինը թմրամոլ էր։ Ուզում եմ նշել, որ անուն-ազգանունը փոխել է, հիմա Արամ Արամյան է, նախկինում եղել է Արթուր Փիլանյան։ Ինքն ԱՄՆ-ում ապրել է, բայց էնտեղից դեպորտ է եղել, 10 տարի նստելուց հետո դեպորտ են արել։ Անցյալ տարի հունվարին ինքը դատի է տվել, մենք իմացել ենք հունիսի 30-ին, որ հարկադիր կատարողի հետ գալիս է մեր տուն, որպեսզի երեխային տեսակցի։ Թե հիմա դատավորը՝ Արթուր Մկրտչյանը, ինչ որոշում է կայացրել, ինչ հիմքերի վրա է կայացրել, երբ հայրություն չճանաչածը երեխային կարող է տեսակցել։ Ինքն ի՞նչ գործ ունի գա-տեսակցի։ Դրանից հետո էլի որոշում է կայացրել, որ գա, մեր հասցեից դուրս տանի դեպի իր նշված հասցեն։ Մենք ի սկզբանե նրան չենք վստահում, քանի որ նա թմրամոլ է։ Արդեն ամուսնացած է, իր այժմյան կինն ունի 10 տարեկան երեխա՝ հակառակ սեռի։ Հոգաբարձուն էլ պետք է դրան դեմ կանգնի։ Իմ բողոքը դատավորի վրա է, էս անարդարությունը, կաշառակերությունը մինչեւ ե՞րբ պետք է շարունակվի։ Ինքն ի վիճակի չէ կաշառելու բոլորին, բայց քանի որ իր եղբայրը՝ Հակոբ Սիմիդյանը, կասկածում եմ, որ մի հարցով կարող է օգնած լինի, միանշանակ է երեւում»,- նշեց տիկինը։
Մեր զրուցակիցը նաեւ պատմեց՝ Հակոբ Սիմիդյանը տեղյակ է եղել, որ եղբայրը կնոջ վրա «դանակ է քաշել՝ թեւը մի փոքր կտրել է»։ «Իմ աղջիկը Հակոբ Սիմիդյանին կանչել է որպես եղբայր։ Ես այդ ժամանակ նրան ասել եմ՝ մեզ ոչինչ չունեք օգնելու, օգնեք ձեր եղբորը, որ այդ ճանապարհից հետ կանգնի, բայց դա անօգուտ էր։ Մենք իրեն չենք վստահում, որ մեր երեխային տանի»,- ասաց Միսկարյանը։ Նա նշեց՝ աղջկա նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ դատարանի որոշումը չկատարելու համար (նա թույլ չի տվել, որ Արամ Արամյանը երեխային տանի իր հետ)․ «Գործ են հարուցում իմ երեխայի վրա, որ դատարանի որոշումը չի կատարել։ Մենք առաջին անգամ ենք նման պատմության մեջ ընկնում։ Առանց հայրություն ճանաչելու չեն կարող գան-տեսակցեն կամ տնից դուրս տանեն։ Էլի հայրություն ճանաչի, բայց օրենքով լինի, ԴՆԹ են հանձնել, բայց պատասխանը դեռ չկա։ Իր հայրն է, մենք դեմ չենք, որ գա-տեսնի, բայց քանի որ դատարանը նման որոշում է կայացրել, դա է մեզ անհանգստացնում»։
Զրուցեցինք նաեւ Արամ Արամյանի հետ, ով հերքեց իր թմրամոլ լինելը, ինչպես նաեւ նշեց, որ հենց դատարանի դահլիճում նախկին կինը դատավորի հարցին ի պատասխան ասել է, որ երեխայի հայրն Արամյանն է․ «2 օր առաջ գնացել, ԴՆԹ անալիզ ենք տվել, որ պարզվի հայրությունը։ Մինչեւ այդ ամեն ինչը լինելը, դատավորը երեխայի մորը հարցրել էր՝ երեխայի հայրն ի՞նքն է, ասել էր՝ այո։ Դրա վերաբերյալ դատավորը որոշել էր, որ շաբաթը մի օր տա՝ իմ երեխուն գնամ-տեսնեմ։ Ամեն ինչ, ինչ որ կատարվել է, կատարվել է օրինական։ Մենք ամեն շաբաթ գնացել ենք, որ երեխային տան ինձ, չեն տվել։ Իրենք գիտեն, թե նույն Սերժ Սարգսյանի, Քոչարյանի կեղծ ժամանակաշրջանն է, որ կարող են մարդիկ դատավորին վճարել, նման արտահայտություն էին արել, որ դատավորին մթամ ես ծանոթ եմ»։
Ինչ վերաբերում է Հակոբ Սիմիդյանի խառնվելուն, նա բացառեց դա․ «Իմ եղբայրը որեւիցե մի ձեւ չի խառնվել այս խոսակցություններին։ Դաժե մենք ամիսներով չենք խոսել»։
