Կորոնավիրուսով հիվանդին առաջին անգամ թոքի փոխպատվաստում է կատարվել Եվրոպայում
Վիեննայի բժշկական համալսարանի մասնագետներն անցյալ շաբաթ հաջողությամբ իրականացրել են Եվրոպայում առաջին թոքի փոխպատվաստումը կորոնավիրուսով հիվանդ մարդուն:
Ինչպես հաղորդում է CNN-ն՝ վկայակոչելով բուժհաստատության մամլո հաղորդագրությունը, 45-ամյա հիվանդը, որի մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել, չէր ապրի առանց փոխպատվաստման: Նշվում է, որ նա արդեն ապաքինվում է:
«Մեր կարծիքով՝ նա բացարձակապես լավ է իրեն զգում, և լուրջ խնդիրներ չկան»,- ասել է հիվանդանոցի վիրաբուժության բաժնի ղեկավար Վալտեր Կլեպետկոն:
Հիվանդանոցից հայտնել են, որ հիվանդն, ընդհանուր առմամբ, լավ առողջական վիճակում էր գտնվում և նախկինում հիվանդություններ չէր ունեցել: Նրա մոտ կորոնավիրուս էր հայտնաբերվել 8 շաբաթ առաջ, և առողջական վիճակը հանկարծակի վատթարացել էր վարակվելուց հետո:
«Նրա վիճակն անհույս էր: Թոքը նման էր մի տուփի, որտեղ ոչինչ չէր մնացել»,- հավելել է Կլեպետկոն՝ հավելելով, որ վիրահատությունը բարդ էր, բայց հաջող:
