Կիեւում մահացած են գտել դատախազի նախկին տեղակալ Կոլինկոյին եւ նրա դստերը

Կիեւի իր սեփական տանը մահացած են գտել Ուկրաինայի դատախազի նախկին տեղակալ Օլգա Կոլինկոյին ու նրա դստերը՝ Յարոսլավային, որն ապրում էր նրա բնակարանի կողքին։

Օլգա Կոլինկոյին մահացած են գտել հունվարի 10-ին, երբ  ԲՇԳ աշխատակիցները ոստիկանության ներկայությամբ կոտրել են բնակարանի դուռը։ Նրանց կանչել էին հարեւանները, քանի որ նախորդ օրը նրանց բնակարանից ջուր է արտահոսել, իսկ տերերը դուռը չեն բացել։ Այս մասին տեղեկացրել է ZN.UA-ն՝ հղում կատարելով իրավապահ մարմիններում ունեցած աղբյուրին։

Նշվել է, որ 71-ամյա Օլգա Կոլինկոն արդեն երկար տարիներ ծանր հիվանդ էր եւ փողոց դուրս չէր գալիս։ Նրան խնամում էր դուստրը, որին մահացած են գտել հարեւան բնակարանում։

Պատահարի վայրում աշխատում են օպերատիվ քննչական խումբը եւ փորձագետները։

Օլգա Կոլինկոն երկու անգամ զբաղեցրել է Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը՝ 1993-2000 եւ 2003-2005թթ.։ 2001-2003թթ. նա գլխավորել է կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեն նախագահ Լեոնիդ Կուչմայի օրոք։

Ժամանակին Օլգա Կոլինկոն եղել է Ուկրաինայի նախկին վարչապետ Պավել Լազարենկոյի (դատապարտվել է ԱՄՆ-ում եւ Ուկրաինա երբեք չի վերադարձել) աղմկահարույց գործի գլխավոր քննիչներից մեկը։

Կոլինկոն բազմիցս դիտարկվել է որպես Ուկրաինայի գլխավոր դատախազ, բայց այդ աթոռը այդպես էլ չի զբաղեցրել։

Share This