Ծայրահեղական պահանջ է դրվում, Արայիկ Հարությունյանի հրաժարականի հիմք չեմ տեսնում. <<Իմ քայլի>> պատգամավոր

Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի և հայագիտական առարկաների դասավանդման համար պայքարողների միջև հանդիպումը անիմաստ է համարում: Պատգամավորը ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց, որ ՀՅԴ երիտասարդները կրթության ոլորտի վերաբերյալ հարցեր չեն բարձրացնում:

«Իրենք ասում են՝ մենք կարող ենք հանդիպել Արայիկ Հարությունյանի հետ միայն հրաժարականի օրակարգի շուրջ քննարկման։ Ինչի՞ շուրջ հանդիպել և խոսել, հանդիպել, որ ասեն՝ հրաժարական տուր, անիմաստ է այդ հանդիպումը։ Եթե նրանք հարցադրումներ առաջ քաշեն, որ կրթության որակը մեզ չի բավարարում, կամ բարեփոխումները մեզ չեն բավարարում և այլ հարցեր, ապա երկխոսելու մեծ դաշտ է բացվում»,- ընդգծեց նա:
Պատգամավորն ասաց, որ երիտասարդները ծայրահեղական դիրքերից են հանդես գալիս:

«Եվ եթե նրանք իրենց ծայրահեղական պահանջից դուրս գան և անցնեն կրթության որակի դաշտ, ապա, կարծում եմ, որ այդ հանդիպումը կարող է տեղի ունենալ։ Ամեն դեպքում ես հրաժարականի որևէ հիմք չեմ տեսնում»,- պարզաբանեց Հովհաննես Հովհաննիսյանը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )