Լավ լուր պաշտոնյաների համար․ նրանք հաջորդ տարի էլ լավ կապրեն, իսկ պողոսները՝ ոչ

Ինչպես հայտնի է ԱԺ մշտական հանձնաժողովներում քննարկվում է հաջորդ տարվա բյուջեի մասին օրենքի նախագիծը։ Այսինքն, թե քննարկվում է հաջորդ տարվա մեր պետության գլխավոր ֆինանսական փաստաթուղթը։ Եվ ահա, այդ փաստաթղթի նախագծից պարզ է դառնում, որ լավ են ապրելու պաշտոնյաները, իսկ պողոսները, այսինքն՝ հասարակ ժողովուրդը՝ ոչ։ Մասնավորապես, ՀՀ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է, թե որքան են ավելացվելու գերատեսչությունների ֆինանսական հատկացումները ըստ բյուջեի նախագծի։ Այսպես, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմի համար 2020 թվականի բյուջեով նախատեսված ֆինանսական մեծությունը կազմում է մեկ միլիարդ 576 միլիոն դրամ, որը 430 միլիոն դրամով ավելի է 2019 թվականի ծրագրի համեմատ: ԱԺ աշխատակազմի համար առաջարկվող նախագծում 6 միլիարդ 96 միլիոն դրամ է նախատեսված, որն այս տարվա ծրագրային ցուցանիշի համեմատ 842 միլիոն դրամով ավելի է։ Պակաս ճոխ չեն ապրելու նաեւ Բարձրագույն դատական խորհրդում։ Այտեղ հատկացումը 12,6 միլիարդ դրամ է նախատեսվել, որը 193 միլիոն դրամով գերազանցում է 2019 թվականի ցուցանիշը: Դատախազության բյուջեով 5,4 միլիարդ դրամ է նախատեսված, որը 86 միլիոն դրամով ավելի է 2019 թվական ծրագրային ցուցանիշից։ Հատուկ քննչական ծառայությունում որոշել է 4,7 միլիոն դրամ խնայողություն անել, ու հատկացրել են 735 միլիոն դրամ, իսկ ՍԴ-ն, որը հասկանալիորեն խորթ զավակ է, պահպանել է տարեկան 721 միլիոն դրամ հատկացումը գրեթե անփոփոխ կերպով։ Հիշեցնենք, Հանրապետությունում կա մոտ 45 տոկոսանոց աղքատություն, ահռելի մեծ գործազրկություն, հսկայական սոցիալական խնդիրներ, աղքատություն եւ այլն, որոնք կարծես թե չեն էլ հետաքրքրում մեր իշխանավորներին
