Լավագույն բնական միջոցները՝ չոր մաշկը սնուցելու և խոնավեցնելու համար
Մաշկի չորությունը կարող է պայմանավորված լինել տարբեր գործոններով, սակայն ներկայում այս խնդրից ազատվելու համար մաշկաբանին այցելելու անհրաժեշտություն չկա, քանի որ կան բազմաթիվ արդյունավետ միջոցներ, որոնք կօգնեն խոնավեցնել ու սնուցել մաշկը:
Մարդու մաշկն արտազատում է յուրահատուկ յուղ, որը բնական պաշտպանիչ միջոց է չորության դեմ, սակայն այդ յուղը մաքրվում է լվացվելու ժամանակ, ինչի հետևանքով էլ մաշկը չորանում է: Այս խնդրից ազատվելու շատ արդյունավետ միջոց կարող են լինել կոսմետիկ յուղերը և այլ բնական խոնավեցնող միջոցները, որոնք կվերականգնեն մաշկի առողջ փայլն ու պաշտպանությունը:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում չոր մաշկի խնամքի համար նախատեսված լավագույն բնական միջոցները:
· Ձիթապտղի յուղ
Ձիթապտղի յուղը կարող է հիանալի խոնավեցնող քսուք լինել: Ընդ որում՝ ձիթայուղը ոչ միայն սնուցում ու խոնավեցնում է մաշկը, այլև մաքրում է այն աղտոտվածությունից ու վնասակար տարրերից: Պարզապես հարկավոր է քսել այն մաշկին, մի փոքր մերսել, այնուհետև անձեռոցիկով մաքրել ավելորդ յուղը:
· Ավոկադոյով դիմակ
Չոր մաշկը խոնավեցնելու, սնուցելու և հանգստացնելու հիանալի միջոց է նաև ավոկադոյով բնական դիմակը: Այն պատրաստելու համար հարկավոր է մեկ ավոկադոյին ավելացնել 10 մլ ձիթապտղի յուղ և լավ խառնել մինչև ստացվի համասեռ զանգված: Ցանկության դեպքում դիմակին կարելի է ավելացնել նաև մեկ գդալ մեղր: Ստացված զանգվածը հարկավոր է քսել մաշկին, մի փոքր մերսել, թողնել 11-12 րոպե, այնուհետև լվացվել: էլ ավելի լավ արդյունքի հասնելու համար հարկավոր է այս պրոցեդուրայից անմիջապես հետո մաշկին խոնավեցնող նրբաքսուք քսել:
· Ձիթապտղի յուղով ու շաքարավազով սկրաբ
Այս բնական սկրաբը կօգնի ոչ միայն խոնավեցնել ու սնուցել մաշկը, այլև կմաքրի այն, կազատի մահացած բջիջներից ու կբարելավի մաշկի վիճակը: Պարզապես հարկավոր է կես բաժակ շաքարավազին ավելացնել 20 գրամ ձիթապտղի յուղ, լավ խառնել, այնուհետև ստացված սկրաբը քսել մաշկին, լավ մերսել և լվանալ: Ցանկության դեպքում այս խառնուրդին կարելի է նաև մի քանի կաթիլ որևէ եթերայուղ ավելացնել:
· Վարսակով լոգանք
Մաշկի համար շատ օգտակար կարող է լինել նաև վարսակը: Հարկավոր է 1 բաժակ վարսակը մանրացնել, այնուհետև ստացված փոշին պարզապես ավելացնել լոգանքի ջրին: Այս լոգանքը կօգնի հանգստացնել մաշկն ու կնպաստի խոնավության պահպանմանը:
