Կարմիր ոսպով դիմակներ՝ անթերի մաշկ ունենալու համար. 5 բաղադրատոմս
Մաշկը գունաբացելու, սնուցելու ու երիտասարդացնելու, ինչպես նաև անցանկալի մազերից ու մաշկային խնդիրներից ազատվելու մասին շատերն են երազում, սակայն քչերը գիտեն, որ այս խնդիրների դեպքում շատ արդյունավետ միջոց կարող է լինել կարմիր ոսպը:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կարմիր ոսպով դիմակների 5 բաղադրատոմս՝ անթերի մաշկ ունենալու համար: Այս դիմակների պատրաստման համար ոսպը հաճախ օգտագործվում է փոշիացված վիճակում: Այս փոշին ստանալու համար անհրաժեշտ է նախ լավ լվանալ ½ բաժակ կարմիր ոսպը, այնուհետև չորացնել այն սենյակային ջերմաստիճանում և մանրացնել սրճաղացի միջոցով մինչև ստացվի համասեռ փոշիանման զանգված: Ստացված փոշին հարկավոր է պահել հերմետիկ փակվող ապակյա տարայի մեջ և օգտագործել փոքր չափաբաժիններով:
· 1-ին բաղադրատոմսը
Կարմիր ոսպը հիանալի գունաբացող միջոց է, ուտսի այն կհավասարեցնի մաշկի գույնը, կազատի մուգ պիգմենտային հետքերից և կօգնի ձեռք բերել առողջ ու փայլուն մաշկ:
Դիմակը պատրաստելու համար հարկավոր է խառնել մեկական ճաշի գդալ կարմիր ոսպի փոշին ու բնական յոգուրտը, ավելացնել կես թեյի գդալ քրքում և ստացված համասեռ զանգվածը քսել մաքուր մաշկին: Թողնել դիմակը 20 րոպե, այնուհետև լվացվել գոլ ջրով: Այս պրոցեդուրան հարկավոր է կրկնել շաբաթական մեկ անգամ (երեկոյան):
· 2-րդ բաղադրատոմսը
Այս դիմակը պատրաստելու համար հարկավոր է 3-4 ճաշի գդալ կարմիր ոսպը լավ լվանալ, ավելացնել մի փոքր ջուր և ամբողջ գիշեր թողնել այն ջրի մեջ: Առավոտյան ոսպը հարկավոր է քամել, այնուհետև տրորել ու դարձնել խյուս:
Ստացված խյուսանման զանգվածը հարկավոր է քսել մաշկին, մի փոքր մերսել, թողնել 5-10 րոպե, այնուհետև լվացվել: Այս պրոցեդուրան կօգնի մաքրել մաշկը, կհարթեցնի ու կգունաբացի այն, ինչպես նաև կազատի սպիներից: Առավել լավ արդյունքի հասնելու համար այս դիմակն անհրաժեշտ է կիրառել շաբաթական երկու անգամ:
· 3-րդ բաղադրատոմսը
4 ճաշի գդալ կաթին ավելացնել 2 ճաշի գդալ ոսպի փոշի, լավ խառնել, այնուհետև ստացված համասեռ զանգվածը քսել մաշկին: Այս դիմակն անհրաժեշտ է թողնել 25 րոպե, այնուհետև լվացվել մաքուր ջրով: Շաբաթական երկու անգամ այս պրոցեդուրան կրկնելը կօգնի ազատվել պիգմենտային հետքերից ու կնճիռներից:
· 4-րդ բացադրատոմսը
1 թեյի գդալ կարմիր ոսպի փոշուն ավելացնել 1 թեյի գդալ մեղր, լավ խառնել, այնուհետև ստացված մածուկը քսել մաշկին և թողնել 10-15 րոպե: Դիմակը հարկավոր է լվանալ մաքուր ջրով՝ միաժամանակ մերսելով մաշկը շրջանաձև շարժումներով: Այս պրոցեդուրան կօգնի մաքրել մաշկը մահացած բջիջներից, կխոնավեցնի, կսնուցի ու կերիտասարդացնի այն:
· 5-րդ բաղադրատոմսը
Մաշկային տարբեր խնդիրներից ազատվելու շատ արդյունավետ միջոց է նաև վաղենակի (календула) ծաղիկների եփուկի և կարմիր ոսպի խառնուրդը: Վաղենակն օգնում է բարելավել մաշկի վիճակը, խոնավեցնում է այն և բուժում է բորբոքումները:
Հարկավոր է 2 ճաշի գդալ կարմիր ոսպի փոշուն ավելացնել 1 ճաշի գդալ վաղենակի եփուկ, լավ խառնել, այնուհետև ստացված թանձր մածուցիկ զանգվածը քսել մաշկին: Դիմակը հարկավոր է թողնել 15 րոպե, այնուհետև լվացվել գոլ ջրով:
