Իրանն արգելել է երկրի տարածքում քաղաքից քաղաք ուղևորությունները

Իրանի իշխանությունները երկրի տարածքում ուղևորություններ կատարելու արգելք են սահմանում: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Իրանում կորոնավիրուսի հակազդման ազգային շտաբի ներկայացուցիչ Հոսեյն Զոլֆաղարիին:

Նման քայլն ուղղված է Իրանում վիրուսի տարածման հնարավոր երկրորդ ալիքի դեմ: Հաղորդվում է, որ արգելվում է քաղաքից քաղաք գնալ:
«Նրանք, ովքեր ծրագրում էին ուղևորություն կատարել, պետք է չեղարկեն իրենց ուղևորությունները, քանի որ այս ծրագիրը ենթադրում է, որ այս կամ այն քաղաք կարող են վերադառնալ միայն այն անձինք, որոնք ապրում են այդ քաղաքում: Նրանց, ովքեր չեն ապրում տվյալ քաղաքում, կարգելվի մուտք գործել այնտեղ»,-տեղեկացրել է Զոլֆաղարին՝ տեղեկացնելով, որ ծրագիրն ուժի մեջ է մտնում մարտի 26-ից:

Նրա խոսքով՝ այն մարդիկ, որոնք հիմա ճանապարհին են, անհապաղ պետք է վերադառնան իրենց բնակության վայր՝ առանց այլ քաղաքներ մուտք գործելու:
Շտաբի ներկայացուցիչը տեղեկացրել է նաև, որ իշխանությունները հնարավորինս սահմանափակում են ուղևորափոխադրումները՝ ինչպես ինքնաթիռներով, այնպես էլ գնացքներով և միջքաղաքային ավտոբուսներով: Բացառություն է արվում բեռնափոխադրումների, շտապօգնության մեքենաների, իրավապահ ուժերի տրանսպորտային միջոցների և հրշեջների համար:
Ներկա դրությամբ Իրանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 27 000 դեպք, շուրջ 2100 մարդ մահացել է, ավելի քան 9600-ը` առողջացել:
Հայտնի է, որ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 435 036-ի, որից 21 295-ը՝ մահվան ելքով։ Հիվանդությունից ապաքինվել է ավելի քան 114 642 մարդ։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )