Իրանից ակնկալում են՝ ՀՀ-ն կկարողանա հավասարակշռություն պահպանել տարբեր քաղաքական գործընկերների հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Իրան կատարելիք այցի օրը դեռևս որոշված չէ: «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակում Sputnik Արմենիային այս մասին ասաց Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։ ,Նշենք, որ դեռ փետրվարին Շիրղոլամին հայտարարել էր, որ կողմերը նախատեսում են ռազմավարական համագործակցության փաստաթուղթ ստորագրել ենթադրաբար 2026 թվականին Փաշինյանի այցի ժամանակ:
«Այցի գաղափարը հնչեց, բայց հետո տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, այդ թվում՝ Իրանի դեմ պատերազմը, և երկիրն ամբողջությամբ կենտրոնացավ ագրեսիային հակազդելու վրա։ Արդյունքում որոշ ծրագրեր հետաձգվեցին», – պարզաբանեց դիվանագետը։
Հայաստանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ֆոնին նա հույս հայտնեց, որ Երևանը, օգտագործելով իր ներուժն ու առկա հնարավորությունները, կկարողանա հավասարակշռված գործընկերություն պահպանել աշխարհաքաղաքական տարբեր դերակատարների հետ:
«Կարևոր է, որ հաշվի առնվեն տարածաշրջանի բոլոր խաղացողների շահերն ու մտահոգությունները», – ընդգծեց դեսպանը։
Իրանցի դիվանագետը կարևորեց տարածաշրջանում կայունության և փոխգործակցության ամրապնդումը:
