Իտալացի «Ռոմեոն» քիթը կախել է, երբ սիրելին «ոչ» է ասել Հռոմի կենտրոնում՝ հանրության առաջ արված նրա ամուսնության առաջարկությանը
Իտալուհուն դուր չի եկել ամուսնության ռոմանտիկ առաջարկությունը։ Դժբախտ իտալացի փեսացուն հայտնի դարձավ այն բանից հետո, երբ TikTok-ում հայտնվեց նրա մասնակցությամբ տեսանյութը, որում ընկերուհին «ոչ» է ասում նրա՝ մանրամասն մտածված ամուսնության առաջարկությանը:
Ավելի քան 13 միլիոն մարդ արդեն դիտել է Սուրբ Ծննդյան նախօրեին TikTok-ում ներբեռնված տեսանյութը։ Իտալացի Վալերիոն եւ նրա սիրելին պարում են Հռոմի Վիա Կոնդոտի փողոցում՝ տեղացի տենորի սերենադի ներքո: Այնուհետեւ «Ռոմեոն» ծնկի է իջնում եւ իր սիրելիին հանձնում նշանադրության մատանին՝ ամբոխի ծափահարությունների ներքո։
Բայց ռոմանտիկ ժեստը արագորեն ձախողվում է, քանի որ հուզված կինն աղաչում է իր բոյֆրենդին ոտքի կանգնել: «Ես սրան չէի սպասում: Ես պատրաստ չեմ։ Սրա համա՞ր եկանք Հռոմ»,-իտալերեն հարցնում է նա: «Այո՞, թե՞ ոչ»,-հարցնում է ջերմեռանդ «Ռոմեոն», եւ ի պատասխան՝ լսում չոր մերժում։
«Լավ է, որ @Cartier-ն ունի 30 օրվա ընթացքում վերադարձի քաղաքականություն»,-վիրուսային տեսանյութը մակագրել է Վալերիոն:
Մինչ ոմանք համակրում են չստացված փեսային, TikTok-ի տասնյակ օգտատերեր քննադատում են նրան՝ հրապարակավ առաջարկություն անելու համար:
«Հանրային առաջարկները նախատեսված են միայն նրա համար, որ կանանց ստիպեն ասել «այո»»,-գրել է մեկը: «Ես հիանում եմ նրա ազնվությամբ եւ «ոչ» ասելու քաջությամբ, երբ բոլորը խնդրում են նրան ասել «այո»: Սա շանտաժ է, ինչին նա չի ենթարկվում»,-վրդովվել է մեկ ուրիշը։ Սակայն որոշ թերահավատներ ենթադրել են, որ առաջարկն իրական չէ, եւ Վալերիոն միջոցառումը կազմակերպել է հանուն սոցցանցերում հայտնիության։ «Սա այնքան բեմադրված է թվում»-գրել է մեկը, իսկ մյուսն ավելացրել,- «Զարմանալի է, որ մարդիկ հավատում են սրան»:
Այնուամենայնիվ, թվում է, թե իտալացին երկար ժամանակ միայնակ չի մնա, քանի որ շատ կանայք գովաբանել են նրա ռոմանտիկ դրսեւորումը: «Դու այնքան լավն ես։ Որտե՞ղ կարող եմ գտնել քեզ նման մեկին»:
