Իսկ ինչպես են ռուսները պատկերացնում
Իսկ ինչպես են ռուսները պատկերացնում ներքին տեղահանվածների ու փախստականների վերադարձն Արցախ
Ռուսաստանն իր ԱԳ նախարարության խոսնակ Մարիա Զախարովայի բերանով անցյալ շաբաթ շրջանառության մեջ դրեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բաղադրիչներից մեկը՝ ներքին տեղահանվածների եւ փախստականների հետ վերադարձի հարցը։ Ինքնին հասկանալի է, որ այս սկզբունքը առկա է նաեւ հակամարտության կարգավորման հիմք հանդիսացող Մադրիդյան սկզբունքներում։ Սակայն շատ հետաքրքրական է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լրագրողական փոխայցելությունների ֆոնին է այս հարցը կրկին բարձրացվում։ Ամեն դեպքում հարցը եթե բարձրացվել է, պետք է նաեւ քննարկվի։ Մասնավորապես, ներքին տեղահանվածների ու փախստականների վերադարձի հետ կապված մի շարք նրբություններ կան։ Ինչպես են օրինակ ժամանակին Շուշիում կամ Ստեփանակերտում ապրած ադրբեջանցի փախստականները վերադառնալու։ Ինչպես է նրանց վերադարձվելու իրենց գույքը։ Ինչ սկզբունքներով է գնահատում իրականացվելու կամ փոխհատուցում վճարվելու։ Նույնը նաեւ այն հայերի մասին է, որոնք նույնպես փախստական են դարձել։ Կամ ինչպես է իրականացվելու այդ վերադարձածների կառավարումը, որ իշխանությունն է այն իրականացնելու՝ այսօրվա Արցախի, թե ձեւավորվելու է այլ իշխանություն։ Եվ ամենակարեւորը՝ ինչպես է իրականացվլու երկու կողմերի հաշտեցումը զուտ մարդ-մարդ հարաբերությունների մակարդակում։ Չէ որ սա ամենակարեւոր հարցն է։ Հենց այնպես չի կարելի հանուն դիվանագիտական ֆորմուլայի կատարման մարդկանց ճակատագրերի, զգացումների հետ խաղալ այն էլ նման նուրբ հարցում։ Կամ գուցե վերադարձածներին բնակեցնելու են հարակից 5 շրջաններում։ Սա էլ իր հերթին նոր խնդիր է։
