Ինչու է ԱԺ կայքից հանվել արտահերթ նիստ հրավիրելու տեղեկատվությունը

Երեկ խորհրդարանի կայքում տեղեկություն հրապարակվեց այն մասին, որ ԱԺ նախագահը որոշում է ընդունել փետրվարի 6-ին ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու մասին: Օրակարգում ՍԴ-ի ներկայիս կազմից ապօրինի ազատվելու մասին հերթական նախաձեռնությունն է, որի մասին մենք այսօրվա համարում անդրադարձել ենք։
Սակայն այսօր արտահերթ նիստ հրավիրելու մասին տեղեկատվությունը հանվել է ԱԺ կայքից։ Բանն այն է, որ ԱԺ մեծամասնությունը թքած ունենալով ԱԺ Կանոնակարգ օրենքի վրա, արտահերթ նիստ հրավիրել էր կանոնակարգ-օրենքի խախտումներով։ Արտահերթ նիստ հնարավոր է հրավիրել միայն ԱԺ խորհրդի հաստատմամբ, մինչդեռ իշխանությունն այնքան է շտապում ՍԴ-ի ներկայիս կազմն ապօրինի հեռացնելու հարցում, որ ստորագրությունները հավաքելուն պես պաշտոնական կայքում «ավետել» է արտահերթի մասին։ Ի դեպ, համաձայն հաղորդագրության՝ ԱԺ նախագահը որոշում էր ընդունել արտահերթ քննարկման դրված նախագիծը քննարկել միանգամից առաջին և երկրորդ ընթերցումներով, ինչի իրավունքը չունի:
Կանոնակարգ օրենքը սահմանում է, որ նախագիծը միաժամանակ առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկելու համար անհրաժեշտ է պատգամավորների կամ խմբակցության հիմնավորված միջնորդությունը, որը եւս պետք է հաստատվի ԱԺ խորհրդի նիստում:
ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլի Մինասյանը լուրը ԱԺ կայքից հանելու վերաբերյալ մեզ փոխանցեց, թե շուտով պարզաբանումներ կտրվեն այդ մասին, դիտարկմանը, որ արդյո՞ք Կանոնակարգ օրենքը խախտելու հանգամանքով է պայմանավորված, զարմանալիորեն հերքեց․«Հաստատ՝ ոչ»։
Ի վերջո, փետրվարի 6-ին արտահերթ հրավիրվելու՞ է, թե՞ փոշմանել են․ «Շուտով կլինի պարզաբանում»։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )