Ընկույզի միջուկը հայտնվել էր բրոնխում․ Վանաձորի ԲԿ-ի բժիշկները փրկել են 61-ամյա տղամարդու կյանքը

Վանաձորի բժշկական կենտրոն է դիմել 61-ամյա տղամարդ՝ կայուն հազի, շնչարգելության (դժվարաշնչության) և օդի պակասի զգացողության գանգատներով։

«Պացիենտին անմիջապես ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն։ Կատարված կոմպյուտերային տոմոգրաֆիայի (ԿՏ) արդյունքում աջ միջանկյալ բրոնխի լուսանցքում հայտնաբերվել է օտար մարմին։

Ախտորոշումը հաստատելու և խնդիրը վերացնելու նպատակով շտապ կարգով իրականացվել է ֆիբրոբրոնխոսկոպիա (FBS):

Միջամտության ընթացքում պարզվել է, որ բրոնխը խցանող օտար մարմինը ընկույզի միջուկ է։

Շնորհիվ կրծքային վիրաբույժ Վահե Սալնազարյանի և բժշկական կենտրոնի բուժանձնակազմի օպերատիվ, հմուտ ու պրոֆեսիոնալ գործողությունների՝ օտար մարմինը հաջողությամբ և անմիջապես հեռացվել է բրոնխոսկոպիայի միջոցով:

Հաշված րոպեների ընթացքում հաջողվել է վերականգնել պացիենտի բնականոն շնչառությունը և փրկել վերջինիս կյանքը: Բուժառուի վիճակը գնահատվում է բավարար»,-հայտնում են ԲԿ-ից։

Share This